Մատչելիության հղումներ

Ազատազրկված ընդդիմադիրին ազատ արձակելու համար միջնորդություն կներկայացվի


Հայաստանյան ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել ազատազրկված ընդդիմադիր գործիչներին, արխիվ
Հայաստանյան ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել ազատազրկված ընդդիմադիր գործիչներին, արխիվ
«Սեւան» քրեակատարողական հիմնարկի պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովը հինգշաբթի օրը որոշում է կայացրել` համաձայն որի կմիջնորդի ընդդիմադիր Արամ Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի երեկվա որոշումը մինչեւ ապրիլի 5-ը ներկայացվելու է անկախ հանձնաժողովին, որն իր հերթին պետք է եզրակացություն ներկայացնի դատարան` Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

«Հայոց համազգային շարժում» կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը 2008 թվականին հուլիսին դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Հոդվածներից մեկով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մասով, նա արդարացվել էր հանցակազմի բացակայության պատճառով: Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը վնաս պատճառելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել միայն մեկ ոստիկանի ցուցմունքներով, մինչդեռ նախքան դատավճիռը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 1620 բանաձեւի մեջ նշել էր, որ ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորումների:

Արամ Բարեղամյանը կալանավայրից էլ հայտարարում էր, որ իր դատավճիռը համարում է քաղաքական հետապնդման արդյունք:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է վաղաժամկետ ազատ արձակել նաեւ Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. - «Նրանց պայմանական ազատ արձակման ժամկետն էլ է մոտենում, եւ կարծում եմ, որ նրանց հերթն էլ կհասնի, ջոկողություն չի դրվելու այդ մարդկանց մեջ», - ասաց Զոհրաբյանը:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո դատապարտված ընդդիմադիրների թիվը կրճատվում է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ցուցակում: 100-ից ավելի բանտարկված ընդդիմադիրներից այժմ, ըստ ընդդիմության ցուցակի, բանտում է 8-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG