Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական հերթական սկանդալը


Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքը Թբիլիսիում

Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքը Թբիլիսիում

Հինգշաբթի օրը Վրաստանի իրավապահները հայտարարեցին, որ ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարականով Քութայիսիում ահաբեկչական գործողություններ պետք է իրականացվեին, բայց իրավապահները կանխել են, երեք մարդ ձերբակալված է։

Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տեղադրվել, ինչպես նաեւ տեսանյութ, որտեղ ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ են տալիս։

Ձերբակալվել են Գալիի շրջանի բնակիչներ Մանուչար Ձաձուան եւ նրա մոտ ազգական Ավթանդիլ Ձաձուան, ինչպես նաեւ Օրսանտիա գյուղի բնակիչ Կալիստրատե Մալանիան. վերջինս մեղադրվում է պայթուցիկները Վրաստանի տարածք տեղափոխելուն օժանդակելու մեջ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ ձերբակալության ժամանակ Ձաձուաների մոտից պայթուցիկներ են հայտնաբերվել, որոնք, ըստ մեղադրյալների ցուցմունքների, նրանց էր փոխանցել ռուս սպա ոմն Վոլոդյա։

Մանուչար Ձաձուան պատմում է, որ ապրում է Գալիում, աշխատում է Օչամչիրայում, մերթ ընդ մերթ հանդիպել են Վոլոդյային, հետո նա իրեն գործ է առաջարկել` պայթեցումներ կատարել Քութայիսիում, որի համար 3 հազար դոլար է խոստացել։ Նրանց հանձնարարվել է պայթեցումներ կատարել Քութայիսիի վարչական կառավարման շենքի մոտ, Լեյբորիստական կուսակցության Քութայիսիի գրասենյակի եւ Արդարադատության պալատի փաստաբանական գրասենյակի մոտ։

Կայքում տեղադրված են նաեւ մյուս ձերբակալվածների խոստովանական ցուցմունքների տեսագրություններից հատվածներ, նկարահանված են պայթուցիկների հայտնաբերման գործողությունները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ մեղադրյալները լուսանկարով ճանաչել են այն սպային, որը նրանց հանձնարարել է կատարել այդ գործողությունները, եւ որ տվյալ սպան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից ավագ լեյտենանտ Ալեքսեյ Ուշակովն է։

Վրաց իրավապահները քրեական գործ են հարուցել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով։

Ռուսական կողմը դեռեւս չի արձագանքել Վրաստանի իրավապահների պնդումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG