Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մայիսի սկզբին պաշտոնական այց կկատարի Շվեյցարիա


«Մենք պատրաստակամ ենք եւ ցանկանում ենք Շվեյցարիայի հետ մեր հարաբերությունները խորացնել», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ:

«Այդ ցանկությունը հիմնված է շատ պարզ ճշմարտությունների վրա` դուք, որպես պետություն, կարողացել եք դառնալ ժողովրդավար երկիր, ստեղծել եք հզոր տնտեսություն, կարողացել եք շատ բարձր մակարդակով լուծել ձեր ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները: Ձեր երկրի եւ իշխանությունների համար համամարդկային արժեքները շատ բարձր արժեքներ են, եւ նույնիսկ շատ պարագաներում դուք հաշվի չեք նստում այն հանգամանքի հետ, որ այդ համամարդկային արժեքները գնահատելիս կարող եք ունենալ որոշակի դժվարություններ», - ասել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Այս առումով, իհարկե, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիայի կառավարությանը, ժողովրդին, խորհրդարանին, որ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը եւ դրանով իսկ մեկ անգամ եւս ձեր վերաբերմունքը ցուցաբերեցիք ցեղասպանության հանցագործության նկատմամբ»:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Շվեյցարիայի նախագահը, մասնավորապես, ասել է. - «1988 թվականին Հայաստանին պատուհասած աղետին հաջորդած շրջանում հրատապ օգնություն ցուցաբերելուց հետո, Շվեյցարիան շարունակում է համագործակցության ծրագրերը ձեր երկրում»:

«Շվեյցարիայի եւ Հայաստանի փոխհարաբերությունները միայն կառավարության շփումներով չեն սահմանափակվում: Շվեյցարիայում ապրում են հայկական ծագումով բազմահազար մարդիկ: Շվեյցարիայի բնակչությունը մեծ համակրանքով է վերաբերվում հայերին», - ընդգծել է Միշլին Քալմի-Ռեյը:

«Ինձ համար մեծ պատիվ կլինի, պարո՛ն նախագահ, ընդունել Ձեզ Շվեյցարիայում մայիսի սկզբին պաշտոնական այցի շրջանակներում», - նշել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG