Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել փողոցային առեւտրի արգելքի մասին որոշումը՝ չնայած ապրուստի միջոցներից զրկված նախկին առեւտրականները շարունակում են բողոքի ցույցերը։

«Օրենքի պահանջների կատարման այս գործողությունները վճռական են, վերջնական են», - Ազգային ժողովում այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ու հավելեց. - «Դրա հետեւանքով ծագած բոլոր սոցիալական անհանգստությունները պատրաստ ենք լսելու, լուծելու»։

Փողոցային առեւտուրն արգելվել է այս տարվա հունվարի 1-ից։ Քաղաքապետարանի հաշվարկով՝ 3 հազար, իսկ առեւտրականների պնդմամբ՝ 10 հազար մարդ մինչ այժմ բացօթյա առեւտրով էր զբաղվում։

Քաղաքապետարանն այս մարդկանց առաջարկում է փակ շուկաներ տեղափոխվել՝ որտեղ բազմաթիվ ազատ տեղեր կան։

Կամո Արեյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը ընդամենը իրականացնում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջները, որի համաձայն թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, պաղպաղակի ու ջրի բացօթյա առեւտուրը։ Սննդի առեւտուրը արգելված է, նաեւ՝ ոչ հիգիենիկ։

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին ներկա էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախկինում փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիներ եւ տարբեր պաշտոնյաներ։

Երբ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ հրավիրյալները պաշտոնյաներին հարցեր հղելու հնարավորություն չեն ունենա, բողոքի ալիք բարձրացավ։

Մարգարյանն արձագանքեց՝ «դուք եկել եք այստեղ շոու կազմակերպելու» եւ սպառնաց նրանց դուրս հրավիրել։

Նիստը կարճ ժամանակով ընդմիջվեց։ Այդ ընթացքում նախկին առեւտրականները ներկայացրեցին իրենց բողոքները։ Նրանք հայտարարում էին, որ ցանկանում են շարունակել փողոցներում՝ շուկաների մոտակայքում, անցումներում վաճառել իրենց ապրանքը։ Ասում էին՝ սուպերմարկետների այսօրվա առատության պայմաններում հաճախորդը չի ցանկանում փակ ծածկով շուկա հասնել, եւ իրենք զրկվում են օրվա մի քանի հարյուր դրամից։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG