Մատչելիության հղումներ

Հրազդանցիները դեմ են քաղաքին կից երկաթահանքի շահագործմանը


Հրազդանցիները բողոքում են քաղաքին կից երկաթի հանքի մոտալուտ շահագործման դեմ

Հրազդանցիները բողոքում են քաղաքին կից երկաթի հանքի մոտալուտ շահագործման դեմ

Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բնակիչները դեմ են մոտ ապագայում քաղաքի անմիջական հարեւանությամբ գտնվող երկաթահանքի շահագործմանը:

Հինգշաբթի օրը հրազդանցիների եւ բնապահպանական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի հանրահավաքի ժամանակ բնակիչներն ասում էին, որ եթե չինական ընկերությանը պատկանող երկաթահանքը շահագործվի, ապա «հաշված տարիներ անց կարելի է ամբողջությամբ խաչ քաշել Հրազդանի եւ մերձակա բնակավայրերի վրա»:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին չինական «Fortune Oil» ընկերությունը հայկական «Նագին» կոչվող ընկերությունից ձեռք է բերել Հրազդանի երկաթահանքի բաժնետոմսերի գերակշիռ մասը եւ ամենամոտ ապագայում պատրաստվում է շահագործել քաղաքին գրեթե կպած հանքավայրը:

Հրազդանցիները բողոքի ակցիայի ընթացքում իրենց տարակուսանքն էին հայտնում այն մասին, որ իրենց կարծիքը բացարձակապես ոչ ոք հաշվի չի առել: Իսկ բնապահպանական ակտիվիստները ներկայացրին այն վտանգները, որոնք կառաջանան հանքի շահագործման արդյունքում:

«Հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքի սրտում եւ տներից հեռու է ընդամենը 630-650 մետր, որը բնապահպանական որեւէ նորմի մեջ չի տեղավորվում: Հանքը արդյունահանվելու է բաց եղանակով, որի արդյունքում մեծ քանակությամբ թունավոր փոշի է առաջանալու, եւ մենք շնչելու ենք», - ասաց «Երեխաների աջակցության հիմնադրամ» կազմակերպության գործադիր տնօրեն, բնապահպանական ակտիվիստ Կամո Առաքելյանը:

Բնապահպանական մեկ այլ ակտիվիստ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի գնահատմամբ` այս հանքի առաջիկա շահագործումն «արդեն ոչ մի բանականության մեջ չի տեղավորվում»:

«Ընդհանուր առմամբ` Հայաստանի մի մասը դառնում է բաց հանքը, մյուս կեսը` պոչամբար», - ասաց Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հրազդանի բնակիչների եւ բնապահպանական ակտիվիստների մտահոգությունների առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ տվեց Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը: Նա փոխանցեց, որ հանքավայրը շահագործելու համար նախարարությունը դեռեւս 2008 թվականին տվել է դրական եզրակացություն: Եզրակացությունը, սակայն, ըստ Քամալյանի, միայն հանքի շահագործման մասին է, եւ խոսք չի գնում հանքանյութի հետագա վերամշակման մասին: Ըստ նրա` դրա հետ կապված պետք է լինի նոր նախագիծ եւ կատարվի նոր փորձաքննություն:

«Երբ որ կանցնի փորձաքննությունը, այդ դեպքում նրանք իրավունք կունենան վերամշակում իրականացնել», - ասաց Քամալյանը:

Իսկ բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին, որ կստեղծեն նախաձեռնող խումբ, որը այդ խնդիրը կներկայացնի դատական ատյաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG