Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Համանախագահների զեկույցը լուրջ շփոթություն է առաջացրել Ադրբեջանում»


«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը լուրջ շփոթություն է առաջացրել Ադրբեջանում, ինչի մասին են վկայում Ալիեւի աշխատակազմից եւ արտաքին քաղաքական գերատեսչության հնչող տարբեր տեսակետները դրա վերաբերյալ», - այսօր հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից եւ արտգործնախարարությունից հնչող մեկնաբանությունները` Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը ընդգծել է. - «Այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարում է, որ խիստ կասկածներ կան իրենց կողմից զեկույցի օբյեկտիվ լինել-չլինելու հարցում, ԱԳՆ-ն հայտարարում է, որ զեկույցը օբյեկտիվ է եւ թույլ է տալիս բացահայտել այդ տարածքներում տիրող իրավիճակը»:

«Նման անկայուն եւ ոչ հստակ դիրքորոշումները, որոնք հաճախ կարելի է հանդիպել ադրբեջանական կողմի վարքագծում, տարակուսանքի պատճառ են հանդիսանում ինչպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ միջազգային հանրության համար», - ասված է Շարմազանովի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG