Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգության» նպատակն է մոբիլիզացնել ընդդիմադիր հասարակության բողոքն ու պայքարը


Ստեփան Սաֆարյան

Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության նպատակն է մոբիլիզացնել Հայաստանի ընդդիմադիր հասարակության բողոքն ու պայքարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը նշեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` ընդգծելով, որ խոսքը քաղաքացիական համահավասար, անառաջնորդ շարժում ստեղծելու մասին է:

«Եթե մենք չունենանք քաղաքացի, քաղաքացիական գիտակցություն, ապա քաղաքական պայքարը դառնում է շատ խոցելի եւ ինքնանպատակ», - պարզաբանեց Ստեփան Սաֆարյանը:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքով, այն, ինչ չկարողացան անել քաղաքական ուժերը, դա շարժմանը քաղաքացիական ասպեկտ հաղորդելն էր:

«Ամեն ինչ վերածվեց իսկապես իշխանության համար պայքարի, լիդերության համար կռվի, որը, ցավոք, բերեց շատ մեծ հիասթափությունների: Մենք այս անգամ նման սխալ թույլ տալու իրավունքը չունենք, եւ գտնում ենք, որ տվյալ պարագայում մեր հիմնական նպատակն է մոբիլիզացնել ընդդիմադիր հասարակության բողոքը եւ պայքարը մեկ ավազանի մեջ», - ասաց Սաֆարյանը` ընդգծելով, թե խոսքը չի վերաբերում այնպիսի մի շարժում ստեղծելուն, որը կրկնում է Հայ ազգային կոնգրեսին կամ այլընտրանք է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը:

«Մենք Հայ ազգային կոնգրեսին ոչ միայն չենք կարող դիտարկել իբրեւ հակառակորդ, այլեւ չենք կարող դիտարկել որպես մրցակից, որովհետեւ այն, ինչ մեկնարկել է մարտի 15-ին, դա միանգամայն նոր բան է», - ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ու հավելեց. - «Դրա թիրախը բողոքը, պայքարը էֆեկտիվ դարձնելն է պայքարի նոր ձեւերով, պայքարի նոր կազմակերպմամբ` քաղաքացիների միջեւ համագործակցության նոր բանաձեւով, որովհետեւ մարդիկ ուզում են տեսնել պայքար, եւ համաձայն չեն իրենց ուղղված այն հորդորներին, որ «մենք քաղաքական շախմատ ենք խաղում», կամ «մենք հրաժարվում են պայքար բառից, որովհետեւ այն ինչ մենք անում ենք քաղաքական աշխատանք է»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղաքական նոր շարժում ստեղծվի, Ստեփան Սաֆարյանն ասաց, թե ի թիվս այլ առաջարկների, եղել են նաեւ այդպիսի մոտեցումներ, բայց քանի որ քննարկումները որեւէ որոշման չեն հանգեցրել, դեռեւս վաղ է այդ մասին խոսել:

Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ բոլոր հարցերին կանդրադառնան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ապաքինումից հետո:
XS
SM
MD
LG