Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարան չփոխեց հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը:

Հիգնշաբթի օրը կայացած նիստում դատարանը որոշեց, որ նրան կալանավորելու դատական առաջին ատյանի որոշումը օրինական է ու հիմնավորված: Առաջին ատյանի դատարանի մարտի 15-ի որոշմամբ Սամսոն Խաչատրյանը երկու ամսով կալանավորված է, որպեսզի «չխոչընդոտի նախաքննությանը»: Սակայն նրա պաշտպանական կողմը համոզմունք հայտնելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը այդ որոշումը կայացրել է կոպիտ խախտումներով եւ դրսեւորել է կասկածելի կողմնակալություն, դիմել էր վերաքննիչ:

Հայտնի բռնցքամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը` որպես առաջին ատյանի դատարանի կողմնակալության ապացույց, վկայակոչեց դատարանի որոշումից հետո ընդամենը երեք օր տեւած նախաքննությունը:

«Քննիչը միջնորդել էր Սամսոն Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել երկու ամիս ժամկետով` պատճառաբանելով, որ ունի բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, այնինչ մարտի 15-ի դատարանի որոշումից երեք օր հետո քննիչը հայտարարել էր նախաքննության ավարտի մասին: Սյսինքն ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել դատարանին, իսկ դատարանն էլ քննիչի ասածը անվերապահորեն հիմք է ընդունել», - ասաց Զաքարյանը:

Սակայն այսօր Վերաքննիչ դատարանը պաշտպանական կողմի փաստարկները հիմնավոր չհամարեց եւ մերժեց բողոքը:

Երկու օր առաջ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել էր բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հարցը: Նրանց զրույցի մանրամասները չի հաղորդվել, բայց ավելի վաղ Ծառուկյանը հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել միջնորդել, որպեսզի Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք լինի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչի՞ մասին է վկայում դատարանի` միջնորդությունը հաշվի չառնելու հանգամանքը, ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանն պատասխանեց. - «Միանշանակ վկայում է այն մասին, որ պատվիրատուն դեռեւս այլ որոշում չի կայացրել, եւ այս պարագայում որեւէ միջնորդություն, որեւէ բողոք չէր կարող իր ազդեցությունը ունենալ»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի համար դատարանի որոշման մեջ որեւէ անակնկալ չկա. - «Ակնհայտ շինծու գործ է, եւ հիմա գործած ապօրինությունների կեսճանապարհին չկանգնելու համար մեկ ապօրինությանը հաջորդում է մյուսը»:

Փաստաբան Արա Զաքարյանը փոխանցեց, որ իր պաշտպանյալը «ամենեւին էլ տրամադրված չէ որեւիցե մեկին խնդրելու, որ իր նկատմամբ մեղմ վերաբերվեն»:

«Սամսոն Խաչատրյանը համարում է, որ ինքը հանցագործություն չի կատարել», - ասաց Արա Զաքարյանը:

Խաչատրյանը, հիշեցնենք, անազատության մեջ է ՀԱԿ-ի` 2011 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստներով ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, ինչի համար կարող է դատարապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրող կողմի, նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին ու հարվածել է ոստիկանին: Պաշտպանական կողմն ու ականատեսները պնդում են, Խաչատրյանը քրեորոն պատժելի որեւէ արարք չի կատարել, այլ «պաշտպանել է կանանց, երեխաներին հրմշտոցից ու ինչ-որ քաղաքացիական հագուստներով անձանց հարձակումներից»:

Խաչատրյանի որդին` Սարգիս Խաչատրյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր հայրն ամենեւին չի զղջում կատարվածի համար. - «Ասում է` ինձ ցմահ էլ բանտարկեն, 10 տարի էլ տան, ես ճիշտ եմ արել… Չկա որեւէ արժանապատիվ տղամարդ, որի աչքի առաջ կնոջը ծեծեն, հայհոյեն, չփորձի պաշտպանել»:

Սարգիս Խաչատրյանը նաեւ փոխանցեց, որ իր հայրը չորս ամիս առաջ սրտի վիրահատության է ենթարկվել. - «Դեռ բուժման մեջ է, անընդհատ դեղեր եմ տանում»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG