Մատչելիության հղումներ

Գազի սակագնի նվազումը որոշակի սահմանափակումներ ունի


Օշականում հրավիրված արտագնա նիստում հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով վաղվանից սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազելու է մոտ 24 տոկոսով:

Այսինքն, եթե այժմ յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց գազ սպառողը վճարում է 132 դրամ, ապա ապրիլի 1-ից ընտրված անապահով ընտանիքները կվճարեն 100 դրամ: Սակայն որոշումն ունի սահմանափակումներ` այն գործելու է մեկ տարվա ընթացքում (այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ 2012 թվականի մարտի 31-ը) եւ Կառավարությունը անապահով ընտանիքներին փոխհատուցելու է այդ ընթացքում 300 խորանարդ մետրից ոչ ավելի սպառված գազի դիմաց: Եթե բնակիչները տարվա ընթացքում ծախսեն այդ 300 խմ-ից ավելի, ապա 1խմ-ի դիմաց կրկին կվճարեն 132 դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր գլխավորած նախարարությունն արդեն ի մի է բերել Հայաստանում բնական գազ սպառող անապահով ընտանիքների թիվը: Ըստ նախարարի` այդ թիվը մոտ 60 հազար է, մինչդեռ երեկ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել էր 49 500 թիվը:

Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասաց, թե ընտանիքների վերջնական թիվը պատրաստ կլինի մի քանի օրից: Նա նաեւ նշեց, որ, ըստ նախնական հաշվարկի, Կառավարությունը գազի գնի սուբսիդավորման համար նախատեսում է ծախսել 500-600 միլիոն դրամ: Մովսիսյանը ընդգծեց, որ գումարը պետբյուջեից չի հատկացվելու, այլ էներգահամակարգի վերազինման, ռեժիմների օպտիմիզացման եւ բարեփոխումների արդյունքում ստացվող շահույթների հաշվին:

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարության այս նախաձեռնությունը «էական զեղչ» է ստեղծում անապահով խավերի համար:

Մինչդեռ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի ներկայացմամբ, կառավարության կողմից տրամադրվող օգնությունը լուրջ չէ: Ըստ Ասատրյանի` եթե կառավարությունը յուրաքանչյուր անապահով ընտանիքին տարվա կտրվածքով փոխհատուցելու է միայն 300 խմ գազի գնի մոտ 24%-ը, ապա այդ 300 խմ գազը բաժանելով տարվա 12 ամիսների, կստացվի, որ Կառավարությունը ամսական փոխհատուցելու է միջինը 25 խմ գազի գինը, բայց սա էլ ոչ ամբողջությամբ, այլ գնի մոտ 24%-ը: Կառավարությունը վճարելու է 132 դրամի 32 դրամը, 25 խմ-ը բազմապատկելով 32-ով, կստացվի 800 դրամ: Բագրաստ Ասատրյանը եզրակացնում է` Կառավարությունը ամեն ամիս յուրաքանչյուր անապահով ընտանիքի օգնելու է մոտ 800 դրամով:

«Ես չեմ ընդունում օժանդակության այս եղանակը, փաստորեն մարդկանց պարտադրում են, որ անպայման գազ սպառեն, եւ գազի մասով օգնություններ տրամադրեն անապահով ընտանիքներին: Անարդար է հիմքից. Հայաստանում շատ ընտանիքներ ընդհանրապես գազամատակարարումից զրկված են, սոցիալապես շատ ավելի վատ վիճակում են: Օրինակ, եթե ես սոցիալապես անապահով եմ, իմ փոխարեն որոշում են, որ ես գազ պիտի սպառեմ: Ես, հնարավոր է, շատ այլ եւ ավելի լուրջ կարիքներ ունեմ, ասենք, հացի խնդիր ունեմ», - ասաց Ասատրյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG