Մատչելիության հղումներ

Գազի գնի հետ կապված վերջին որոշումը «սոցիալական հարց չի լուծում»


«Սա սոցիալական հարց չի լուծում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտարարությունը, ըստ որի` սոցիալապես անապահով ընտանիքները ապրիլի 1-ից ավելի ցածր սակագին կվճարեն գազի համար:

«Որովհետեւ այս համակարգը ունի որոշակի մինիմում քանակություն գազի սպառման: Եթե այդ ծավալները պակասում են, այդ համակարգը ամբողջովին դառնում է ոչ էֆեկտիվ», - մանրամասնեց ընդդիմադիր գործիչը:

«Կարծում եմ, սա արդյունք էր այն բանի, որ Ռուսաստանում Սերժ Սարգսյանին վերջին այցելության ժամանակ հասկացրեցին, որ «դուք ներքին պրոբլեմներ ունեք, հսկայական ներդրումներ են կատարվել «ՀայՌուսգազարդ»-ի կողմից Հայաստանի ազգաբնակչությանը գազիֆիկացնելու համար, բայց երկու-երեք տարվա ընթացքում, երկու տարվա ընթացքում 35-40 տոկոսով եկամուտները պակասել են «ՀայՌուսգազարդ»-ի», - ասաց Վահագն Խաչատրյանը` հավելելով. - «Այս հարցի պատասխանն է հենց այն, ինչ կատարում է Սերժ Սարգսյանը եւ նշում է, որ սոցիալական անապահով խավին աջակցում է»:

«Դրա համար չի անում: Պարզապես «ՀայՌուսգազարդ»-ի այդ գազը այլեւս ոչ ոք չի ուզում օգտագործել», - շարունակեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը` ամփոփելով. - «Այսօրվա այս ձմեռը ապացուցեց այն, ինչի մասին մենք խոսում էինք երկու տարի առաջ, եւ այն հաշվարկները, որոնց համաձայն` գազի սակագինը հաստատվեց 132 դրամ մեկ խորանարդի համար, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ «ՀայՌուսգազարդ»-ը ունի շատ ներքին ռեսուրսներ, եւ այդ ներքին ռեսուրսների հաշվին նա կարող էր գազի գնի բարձրացում չաներ` անցյալ տարի ապրիլի 1-ից ինչ որ արեց»:

«ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ` գազ սպառող սոցիալապես անապահով ընտանիքները ապրիլի 1-ից ավելի ցածր սակագին կվճարեն գազի համար:

«ՀայՌուսգազարդ»-ին արդեն տրամադրվել է սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը: Ըստ առկա տվյալների` այդ ցանկից 49 հազար 500 ընտանիքներ հանդիսանում են գազասպառող, որոնց համար էլ նախատեսված է գազի սակագնի նվազեցում», - ասված է ընկերության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: - «Ցանկում ընդգրկված բաժանորդներին հատկացվելու են համապատասխան կտրոններ, որոնց հիման վրա 300 խորանարդ մետր [տարեկան] սպառած գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վճարելու են 100 դրամ: 300 խորանարդ մետրից ավելի սպառած գազի դիմաց կվճարեն գործող սակագնով` 132 դրամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG