Մատչելիության հղումներ

logo-print

WikiLeaks. Ամերիկացի դիվանագետները Փամուկին ներկայացված մեղադրանքներն աբսուրդային էին որակում


Օրհան Փամուք

Օրհան Փամուք

Աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկի դեմ 2005 թվականին հարուցված քրեական գործն այն ժամանակ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցնող Ռոս Ուիլսոնը որակել էր որպես աբսուրդային: Այս մասին տեղեկացնում են WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված եւ թուրքական Taraf պարբերականի կողմից հրապարակված հաղորդագրությունները:

Դրանք վկայում են, որ Անկարայում աշխատող ամերիկացի դիվանագետները 2005 թվականին բավական ակտիվորեն հետեւում էին Փամուկի շուրջ ծավալված բուռն իրադարձություններին:

«Օրհան Փամուկին դատում են մեկ միլիոն հայերի սպանության մասին հայտարարելու համար, բայց նույն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ողջույնի խոսք է հղում 1915 թվականի իրադարձություններին նվիրված համաժողովի մասնակիցներին», - նշել է ամերիկացի դեսպանը`պնդելով, թե թուրքական իշխանությունները հակված են պաշտպանել միայն այն համաքաղաքացիների իրավունքները, ովքեր կիսում են իշխող վերնախավի մոտեցումները:

Գաղտնազերծված հաղորդագրություններից մեկում ԱՄՆ-ի դեսպանը տեղեկացնում է, որ Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Օլի Ռենը 2005 թվականի ամռանն անձամբ էր դիմել Թուրքիայի վարչապետ Էրդողանին եւ այն ժամանակ երկրի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարող Աբդուլա Գյուլին` խնդրելով կանխել Փամուկի դեմ սանձազերծված ճնշումները: Եթե Գյուլը Ռենին խոստացել էր օժանդակել, ապա Էրդողանն ասել էր. - «Փամուկը պետք է կենտրոնանա վեպերի ստեղծման վրա»:

«Այս ամենից կարելի է մի եզրահանգման գալ` որ Էրդողանը պաշտպանում է միայն այն թուրքերի իրավունքները, ովքեր նույն կերպ են մտածում, ինչ ինքը: Խոսքը, օրինակ, գլխաշորերով համալսարան այցելելու ցանկություն հայտնող ուսանողուհիների մասին է: Բայց երբ գործը հասնում է կառավարության գործողությունները քննադատող կամ իսլամական օրակարգից դուրս կարծիք արտահայտող մարդկանց, ապա այստեղ վարչապետ Էրդողանը շատ քիչ հանդուրժողականություն է ցուցաբերում», - գրել է դեսպան Ուիլսոնը Պետդեպարտամենտ ուղարկված գաղտնի հաղորդագրության մեջ:

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 11 օր անց էլ Ուիլսոնը պատմել է 2006 թվականի աշնանը կայացած մի զրույցի մասին: Դրա ընթացքում Դինքը, դիմելով ամերիկացի դիվանագետներին, ասել է. - «Քեմալիզմին հրաժեշտ տալը չի նշանակում, թե մենք ժողովրդավարությունից անցում ենք կատարում դեպի շարիաթի օրենքները: Քեմալականները ժողովրդավար չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG