Մատչելիության հղումներ

«Սարդարապատ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ Հայաստանում իշխանափոխությունը անհրաժեշտ է կատարել «ժողովրդի կամքի պարտադրմամբ»:

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, նշելով, թե «գործող ռեժիմից ձերբազատվելու ճանապարհը ընտրությունները չեն», Սեֆիլյանը հայտարարեց. - «Ժողովուրդը իրավունք ունի հավաքվել փողոցում եւ պարտադրել այս ռեժիմին, որ նրանք հեռանան: Կարող են լինել քաղաքացիական անհնազանդության կոնտեքստում տարբեր ակցիաներ: Դեմ ենք արյունահեղության: Սակայն մենք խնդիր ունենք իշխանությունը վերադարձնելու ժողովրդին: Մենք խնդիր ունենք մեր հայրենիքը ծաղկեցնելու, այս ընթացքը դադարեցնելու: Եթե այս ընթացքի դադարեցման դեմ կանգնելու է մի բիրտ ուժ եւ ուժ է կիրառելու, ես կարծում եմ, որ ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու»:

Սեֆիլյանի սցենարով, գործող իշխանությունը հեռացնելուց հետո, հարկավոր է ձեւավորել «ժողովրդի վստահությունը վայելող ժամանակավոր կառավարություն», այնուհետեւ «պետք է տեղի ունենան նոր ընտրություններ, ձեւավորվի լեգիտիմ իշխանություն»:

Հաջողության հասնելու համար, նրա խոսքով, հարկավոր է «ճիշտ համախմբող կոչեր ընտրել». - «Զորօրինակ, «Լեւոն` նախագահ» լոզունգը դա օգտակար լոզունգ չէ համախմբման [առումով]: Հայաստանում առկա է ժողովրդի մի հսկայական բանակ, որոնք ընդդիմադիր են այս ռեժիմին, պատրաստ են ակտիվանալու այս ռեժիմի դեմ, սակայն այդ լոզունգի պատճառով նրանք հեռու են մնում այն ակտիվից, որը փողոցում է»:

Սեֆիլյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ արեց հարթակը տրամադրել նաեւ երիտասարդներին եւ հայտարարել, որ ինքը հաջորդ ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:

Սեֆիլյանը հորդորեց ընդդիմադիրներին մինչեւ ռեժիմի տապալումը դադարեցնել մրցակցությունը` հիմնավորելով. - «Մրցակցությունից միակ օգտվողը Սերժ Սարգսյանն է: Այն մտքերը, թե նա թուլանում է, ստիպված ինչ-որ քայլեր է կատարում եւ այլն բոլորը դատարկ են»:

Նա հայտարարեց, որ իր առաջարկները ուղղված են հիմնականում Հայ ազգային կոնգրեսին` որպես «ընդդիմադիր դաշտում հիմնական խաղացողի»: Հայտնեց, որ հանդիպել է ՀԱԿ-ի ներկայացուցիչներին եւ փոխանցել է իրենց առաջարկները:

Սեֆիլյանը կոռեկտ չհամարեց փոխանցել հանդիպման մանրամասները, քանի որ հանդիպումը հրապարակային չի եղել: Ասաց միայն, որ եթե Կոնգրեսը չգնա իրենց առաջարկած ճանապարհով, «կհայտնվի լուսանցքում». - «Եթե չկատարի, ինչ-որ ժամանակ հետո «Սարդարապատը» պատրաստ է դա իրականացնել: Մենք գործելու մեկ անգամ եւ` անպայման հաջողության հասնելու նպատակով»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սարդարապատ»-ի ներկայացուցչի հայտարարությունների կապակցությամբ ասաց. - «Կոնգրեսը նշել է, որ պահանջների կատարումից հետո երկխոսության միակ առարկան լինելու են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Արտահերթ ընտրությունները Կոնգրեսի օրակարգի առաջնային տեղն են զբաղեցնում»:

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում, հիշեցնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք ակնկալում են «քաղբանտարկյալների ազատ արձակում», Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն եւ Մարտի 1-ի սպանությունները բացահատելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացում:, որոնք «այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG