Մատչելիության հղումներ

«Ժամանակ» օրաթերթի ընթերցողներին այսօր առավոտյան տհաճ անակնկալ էր սպասում. թերթն այսօր կրպակներ չի հասել` թեեւ սովորականի պես տպագրվել է:

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե դեռեւս չեն պարզել, թե ի՞նչ պատճառով թերթի տպագրված խմբաքանակը չի տարածվել:

«Այս պահին ես ինքս փորձում եմ հասկանալ բուն պատճառը: Ունեմ մի քանի ենթադրություն, որոնց մասին չեմ ուզում այս պահին միանշանակ տեսակետներ հնչեցնել», - մասնավորապես, ասաց Բաբաջանյանը` խոստանալով այսօր ավելի ուշ պարզաբանումներ տալ:

Օրաթերթի առաքմամբ զբաղվող «Պրես ստենդ» գործակալության ֆինանսական տնօրեն Գուրգեն Սարուխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ իրենց ընկերությունն այսօր «Ժամանակ»-ի խմբաքանակը կրպակներ չի հասցրել:

Բացառելով քաղաքական դրդապատճառները` Սարուխանյանը հայտարարեց, թե «Ժամանակ» թերթը ուշացումով է բերվել տպարանից, եւ իրենց առաքիչ մեքենաները արդեն դուրս եկած են եղել:

«Բոլոր խմբագրությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է թերթը մինչեւ ժամը 4:30 մեր պահեստ մատակարարվի, որովհետեւ մեր մեքենաները պետք է արդեն ժամը 8:45 լինեն Ղափանում եւ այլ մարզերում», - պարզաբանեց «Պրես ստենդ»-ի ֆինանսական տնօրենը:

«Գինդ» տպարանից, որտեղ տպագրվում է «Ժամանակ» օրաթերթը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ թերթի տպագրության ուշացումներ չեն եղել:

Ավելի ուշ Արման Բաբաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ թերթի խմբաքանակը չի առաքվել «զուտ տեխնիկական պատճառներով» եւ ինքը որեւէ մեկին մեղավոր չի համարում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG