Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը նախագահի հետ քննարկել է Սամսոն Խաչատրյանի հարցը


Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարի ժամանակ, 12-ը փետրվարի, 2011թ.

Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարի ժամանակ, 12-ը փետրվարի, 2011թ.

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, իշխող կոալիցիային մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի օրը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Գալստյանի վկայությամբ` հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ խորին հարգանքով է վերաբերվում հայ մարզաշխարհում մեծ ներդրում ունեցող մարզիկներին: Այլ մանրամասներ Ծառուկյանի խոսնակը չփոխանցեց:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, անցած շաբաթավերջին Մոսկվայի տանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո պատասխանելով Սամսոն Խաչատրյանին վերաբերող հարցին, մտահոգություն էր հայտնել նրա գործի առնչությամբ` ասելով. - «Որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետեւ ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է: Բայց դա չի նշանակում, որ նման մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան»:

Հայտնի բռնցքամարտիկ, ներկայումս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է ընդդիմության` այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մարտի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG