Մատչելիության հղումներ

Աժուբալիս. «Ղարաբաղի հարցում որոշակի տարածություն կա տեղաշարժերի համար»


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիս
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիս
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հարցում «կա որոշակի տարածություն տեղաշարժերի համար»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը` լիտվական DELFI պարբերականի հետ զրույցում խոսելով վերջերս Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կատարած իր այցերի մասին:

«Մինսկի խումբը աշխատում է` չնայած նրա համանախագահներին հաճախ քննադատում են, իսկ քննադատում են, որովհետեւ չեն տիրապետում տեղեկատվության նրա գործունեության մասին», - ասել է Աժուբալիսը եւ շարունակել. - «Այն, ինչ նրանք կողմերին են առաջարկում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, կարծում եմ, լուրջ հիմք է տեղաշարժերի համար: Բայց Մինսկի խումբը չի լուծի կողմերի խնդիրը: Այն կարող է առաջարկել ցանկացած պլաններ, սակայն եթե չլինի բոլոր կողմերի քաղաքական կամքը, ոչ ոք չի կարող իրավիճակը տեղաշարժել դեպի կարգավորում»:

Հարցին, թե ինչպես են արձագանքել Հայաստան եւ Ադրբեջանը դիպուկահարների վերաբերյալ իր առաջարկին, ԵԱՀԿ-ի գործող նախագահը պատասխանել է. - «Նման առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ: Այնպես համընկավ, որ երբ ես ժամանեցի` սպանվել էր ադրբեջանցի տղա, հաջորդ օրը, երբ ես Վրաստանով գնում էի դեպի Հայաստան, սպանել էին հայ զինծառայողի: Կողմերից ոչ մեկի դիպուկահարները չեն բերի ո'չ ռազմական, ո'չ քաղաքական հաջողություն: Ընդհակառակը, եթե նրանց ետ քաշեին, կլիներ դրական արդյունք: Ես Հայաստանին առաջարկեցի միակողմանիորեն ետ քաշել դիպուկահարներին` օրինակ ցույց տալու համար, սակայն մերժում ստացա, ինչպես եւ Ադրբեջանում»:

«Լավ է, որ կողմերը Սոչիում պայմանավորվեցին խորհրդատվություններ սկսել մեխանիզմի շուրջ, որը թույլ կտար հետաքննել միջադեպերը շփման գծում: Վերոհիշյալ տխուր իրադարձություններից հետո ես խնդրեցի Լեռնային Ղարաբաղի հարցով իմ ներկայացուցչին մեկնել այդ իրադարձությունները քննելու», - ասել է Աժուբալիսը:

«Գտնվելով այնտեղ [Հայաստանում եւ Ադրբեջանում]` ես նաեւ ծայրաստիճան անհանգստություն արտահայտեցի այն կապակցությամբ, որ կողմերը ուժգին սպառազինվում են, ինչը վկայում է վստահության բացակայության մասին, իսկ բանակցություններ տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ չկա լարվածություն», - հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ «բացարձակ զրպարտանք» է որակել հայ դիպուկահարի կրակոցից 9-ամյա երեխայի զոհվելու մասին ադրբեջանական կողմի պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG