Մատչելիության հղումներ

logo-print

Անդրեյ Կելին. «Ղարաբաղյան գործընթացում նախաձեռնությունը հիմա Ռուսաստանը պետք է վերցնի»


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մարտի 5-ի հանդիպումը Սոչիում

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մարտի 5-ի հանդիպումը Սոչիում

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության 4-րդ` այսպես կոչված Կովկասյան դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է այն տեսակետը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան սկսել է խաղալ «առաջին ջութակի» դերը եւ Փարիզից ու Վաշինգտոնից «քարտ բլանշ» է ստացել:

Երեքշաբթի օրը «Գոլոս Ռոսիի»-ի եթերում անդրադառնալով դեպարտամենտի գործունեությանը եւ Ղարաբաղի խնդրի կարգավորմանը` նա, մասնավորապես, ասել է. - «Մենք համատեղում ենք մեր աշխատանքը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության հետ, քանի որ դրանք միջազգային ջանքեր են: Իսկ հիմա արդեն նախաձեռնությունը պետք է վերցնենք մենք` Ռուսաստանը, որպեսզի կողմերին քայլ առ քայլ տանենք դեպի համաձայնագիր, որովհետեւ երբ արդեն մշակված են սկզբունքները, սկսվում է այդ սկզբունքների հիման վրա խաղաղ համաձայնագրի համաձայնեցումը»:

Կելինը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ ակտիվ է աշխատում Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում եւ վերջին շրջանում վեց եռակողմ հանդիպում է անցկացրել, իսկ այդ հանդիպումների նախապատրաստական աշխատանքները ղեկավարում է անձամբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Դիվանագետի փոխանցմամբ` Մինսկի խումբը վաղուց արդեն ներկայացրել է կարգավորման հիմնական սկզբունքները, ժամանակի հետ դրանք ձեւափոխվել են, սակայն այդ սկզբունքների հիմնական ուղղությունը չի փոխվել, եւ այսօր պաշտոնական Մոսկվան, փաստորեն, աշխատում է ձեւակերպումների եւ դետալների վրա:

«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի եթերում ռուսաստանցի դիվանագետը նաեւ հայտարարել է, որ որպես տարածաշրջանային երկրներ` Թուրքիան եւ Իրանը ցանկություն են հայտնել նույնպես ներգրավված լինել բանակցային գործընթացում, սակայն, Կելինի համոզմամբ, որքան քիչ արտաքին կարծիք լինի, այնքան հեշտ կլինի երկու երկրների առաջնորդներին պայմանավորվել:

«Այսօր մենք պարզ տեսնում ենք, որ նրանց [Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին] բավականին հեշտ է պայմանավորվել Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ: Սա հասկանում են նաեւ Փարիզում եւ Վաշինգտոնում», - ասել է Անդրեյ Կելինը:

Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա, դիվանագետի գնահատմամբ, «լարվածություն կա, կան ռազմատենչ հայտարարություններ երկու կողմերից էլ, սակայն իրավիճակը պակաս լարված է, քան նախկինում»:

Կելինի համոզմամբ` Ռուսաստանը վերադարձել է Հարավային Կովկաս եւ այսօր լուրջ դերակատարություն ունի ե'ւ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում, ավելին` այս տարածաշրջանում Ռուսաստանը այսօր իրեն շատ վստահ է զգում` թե' քաղաքական, թե' ռազմական եւ թե' տնտեսական առումներով:

«Առանց մեզ այժմ Անդրկովկասում ոչինչ հնարավոր չէ անել», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG