Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյը չորեքշաբթի երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան:

Շվեյցարական Համադաշնության նախագահի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ կմեկնարկեն հինգշաբթի օրը: Քալմի-Ռեյը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարների հետ:

Երկօրյա այցի ընթացքում Քալմի-Ռեյը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի եւ Շվեյցարիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունների համաձայն` պաշտոնական այցի շրջանակներում Միշլին Քալմի-Ռեյը կայցելի Գյումրի, որտեղ Շվեյցարիայի Համագործակցության եւ զարգացման գործակալությունը մի շարք կրթական ծրագրեր է իրականացնում:

Այցի առանցքային դրվագը կլինի, թերեւս, Երեւանում Շվեյցարիայի դեսպանության բացման արարողությունը:

Միշլին Քալմի-Ռեյը հայկական խնդիրներին առավել քաջածանոթ եվրոպացի գործիչներից մեկն է: Նախկինում նա զբաղեցնում էր Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը` միջնորդի դեր ստանձնելով պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ:

2010 թվականի աշնանը` Քալմի-Ռեյի վաշինգտոնյան այցի ընթացքում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հատուկ ընդգծեց պաշտոնական Բեռնի դերակատարությունը հայ - թուրքական հաշտեցման գործընթացում:

«Շվեյցարիան ջանքեր է գործադրում`մասնավորապես որպես միջնորդ հանդես գալով այնպիսի հարատեւ խնդիրների լուծման ճանապարհին, ինչպիսին են, օրինակ, հայ - թուրքական հարաբերությունները», - նշեց Հիլարի Քլինթոնը:

Հայ - թուրքական հաշտեցման գործընթացի փաստացի սառեցումից հետո եւս Քալմի-Ռեյը պարբերաբար կողմերին կոչ էր անում նոր քայլեր ձեռնարկել հարաբերությունների բարելավման համար:

Սա Քալմի Ռեյի առաջին այցը չէ Հայաստան: Հինգ տարի առաջ` 2006 թվականի հունիսին, որպես Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար նա արդեն իսկ այցելել էր Հայաստան` բանակցելով այն ժամանակվա իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ:

Այդ այցի գլխավոր արդյունքներից մեկը երկակի հարկման մասին հայ - շվեյցարական համաձայնագրի կնքումն էր:

2006-ին Միշլին Քալմի-Ռեյը այցելել էր նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG