Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողի իրավահաջորդը պահանջում է ապահովել իր մասնակցությունը նախաքննությանը


«Սպանություն, ոչ թե անզգուշաբար մահ»
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00
Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մահացած Գեւորգ Կոծինյանի իրավահաջորդը` մորեղբայր Բորիս Ադամյանը, նամակ է ուղարկել պաշտպանության նախարարության քննչական ծառայություն՝ պահանջելով ապահովել իր լիարժեք մասնակցությունը զինծառայողի մահվան գործով կատարվող նախաքննությանը:

Զինծառայողի իրավահաջորդը պնդում է, թե ինքը հեռախոսով է միայն տեղեկանում նախաքննության ընթացքին: Մինչդեռ իրավաբան Արայիկ Զալյանը, ով օգնել է իրավահաջորդին դիմել պաշտպանության նախարարություն, ասում է, որ քննչական մարմինը պարտավոր է նրան տրամադրել բոլոր այն որոշումների պատճենները, որոնք կայացվել են, այդ թվում` քրեական գործի հարուցման, մեղադրյալներ ներգրավելու մասին որոշումների պատճենները, քննչական մարմնի եզրակացությունները:

Բացի սրանից, մահացած զինվորի իրավահաջորդն ու հարազատները պնդում են, թե քննչական մարմինը քննությունը սխալ ուղղությամբ է տանում:

Նրանք համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ: Պնդում են, որ քննչական մարմինը պետք է գործ հարուցեր սպանության հատկանիշներով:

«Այնքան են ծեծել, որ տեղում մահացել է, այստեղ ո՞րն է անզգուշությունը»,-հարցնում են մահացած զինվորի քեռին ու մայրը:

Բորիս Ադամյանի խոսքով, վկաների հարցաքննությունների տեսագրությունը դիտելիս նկատել է, որ քննիչն ուղղորդել է վկաներին` որ «բոլորը միաբերան ասեն նույն բաները:

Վանաձորցի 19-ամյա Գեւորգ Կոծինյանը փետրվարի վեցին մահացել էր զորամասում ծեծի հետեւանքով: Համաձայն հարուցված քրեական գործի, շարքայիններ Տարոն Սուվարյանը եւ Վահե Աղաջանյանը, կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը զինծառայողին այն աստիճան էին ծեծել, որ նա տեղում մահացել էր: Զինծառայողին ծեծած զիծառայողները կալանավորված են:

Շարքայիններ Տարոն Սուվարյանի եւ Վահե Աղաջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում առաջադրվել է երկու մեղադրանք՝ «զինծառայողների փոխհարաբերություների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում» եւ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»:

Ծեծին մասնակցած կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին առաջադրվել է մեղադրանք՝ «հանցագործությանն օժանդակելը», նաեւ «իշխանության չարաշահումը եւ իշխանության անգործությունը»:

Ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը եւս կասկածվում «իշխանության չարաշահման եւ իշխանության անգործության մեջ:

19-ամյա զինծառայողի հարազատները ստացել են զինծառայողի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Համաձայն դրա, Գեւորգ Կոծինյանը մահացել է «սրտի ռեֆլեկտոր կանգից»: Ծեծի հետեւանքով նա ստացել է «կրծքավանդակի փակ, բութ վնասվածք, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի շրջանի մկանների, առպատային թոքամզի, ձախ փորոքի եւ միջնորմի արյունազեղումներ, սրտի սալջարդ»:

Ըստ Բորիս Ադամյանի, քրոջ որդուն ծեծել են սիգարետ վառելու պատճառով: Ալկոհոլի ազդեցության տակ գտնված զինծառայողները Կոծինյանին դիտողություն են արել, թե` այստեղ մի ծխի: Չնայած Կոծինյանը ենթարկվել է նրանց պահանջներին, բայց դա չի խանգարել 4 հոգով այնքան ծեծել, որ հենց զորամասում էլ զինվորը մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG