Մատչելիության հղումներ

Արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը մտահոգված է նրա առողջական վիճակով: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել է նրան դադարեցնել հացադուլը:

Թինա Մալխասյանը մարտի 16-ից` Հովհաննիսյանի հացադուլը սկսելու հաջորդ օրվանից ամեն օր զննում է նրան:

Բժշկուհին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը ճնշման տատանումներ ունի` օրվա որոշ ժամերին նրա ճնշումը իջնում է: Բժշկուհուն մտահոգում է նաեւ այն, որ Հովհաննիսյանը սկսել է ավելի քիչ ջուր խմել:

«Դա եւս վտանգավոր է, պետք է օրական 2-3 լիտր հեղուկ օգտագործի, քանի որ բացի ջրից ուրիշ ոչինչ չի ընդունում», - ասաց Մալխասյանը` հավելելով, որ հացադուլը շարունակելու դեպքում «Ժառանգության» առաջնորդի մոտ կարող են խնդիրներ առաջանալ լյարդի, երիկամների, տեսողության հետ. - «Չնայած նման նշաններ դեռ չկան, բայց վտանգը մեծանում է», - հավելեց նա:

Ըստ բժշկուհու` Հովհաննիսյանը այլեւս սով չի զգում, քանի որ հացադուլ անող մարդը միայն առաջին 4 օրերի ընթացքում է քաղց զգում:

Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կշարունակի իր ամենօրյա հանդիպումները բժշկի հետ:

«Եվ եթե երբեւէ առողջության խնդիրը դառնա կրիտիկական, ես, իհարկե, կվերանայեմ: Բայց ներկա դրությամբ ամեն ինչ կայուն է, 15-րդ օրն ենք մտնում եւ բացառությամբ մորուքիս սպիտակներից, ամեն ինչ անփոփոխ է: Կշարունակեմ [հացադուլը], քանի դեռ իմ կամքը ներում է, եւ ես իմ որոշումը կկայացնեմ, ոչ թե ուրիշ մարդ` լինի աշխարհիկ, թե հոգեւորական: Երբ այդ պահը հնչի, տեղյակ կլինեք, ես կկիսվեմ իմ համաքաղաքացիների հետ», - ասաց Հովհաննիսյանը:

Մարդկանց այցելությունները շարունակվում են Ազատության հրապարակ` շարքային քաղաքացիները, պատգամավորները, քաղաքական գործիչները, մտավորականները շարունակում են ողջունել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ իրենց զորակցությունը հայտնել նրան:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունելու էին եկել մի քանի տասնյակ դպրոցականներ: Նշելով, որ լավ են հասկանում նրա կոչերը, մասնավորապես իշխանությունը վերադարձնել ժողովրդին, ձերբազատվել կոռուպցիայից, կասեցնել արտագաղթը, վերացնել անարդարությունը, միտված են երիտասարդ սերնդի արժանապատիվ ապագայի ապահովման, դպրոցականները հորդորեցին նրան դադարեցնել հացադուլը եւ գործունեությունը շարունակել այլ ատյաններում:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե վաղը ամենայն հավանականությամբ կկարողանա ավելի ամբողջական պատասխան տալ երիտասարդ սերնդին:

«Ես հավատում եմ, որ իմ այս փոքր քայլ-ահազանգը Ազատության հրապարակում, արել եմ ոչ թե մեծ փոփոխություններ բերելու համար, այլ որպեսզի բոլորը` իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը եւ երիտասարդությունը հասկանան, որ այսպես շարունակել չեն կարող: Մեզ այսօր պետք են նոր լուծումներ, որ ձեզ բերելու են ավելի լավ, ավելի երաշխավորված եւ ավելի արժանավայել ապագա», - ասաց Հովհաննիսյանը:

Նա չմանրամասնեց, թե վաղը ինչի մասին է խոսելու: Համաձայն «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության` վաղը «Ծոմ Ազատության» հացադուլի 15-րդ օրը բոլորած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում խոսքով կդիմի համաքաղաքացիներին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG