Մատչելիության հղումներ

Հանրային խորհուրդը տասնյակ առաջարկներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետին


Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ասուլիսը

Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ասուլիսը

Հանրային խորհրդի անդամները Երեւանի քաղաքապետին են ներկայացրել փողոցային առեւտրի, Նուբարաշենի աղբավայրի, Երեւանի էկոլոգիական, քաղաքաշինական եւ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ տասնյակ պահանջներ ու առաջարկներ:

Փողոցային առեւտրի արգելքի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը «իրավաչափ եւ արդարացի» գնահատելով հանդերձ` Հանրային խորհուրդը ընդգծում է, թե այդ որոշումն իրականացվեց առանց հաշվի առնելու սոցիալ-տնտեսական գործոնը:

«Մինչեւ այդ քաղաքացիներին փողոցային առեւտրից զրկելը պետք էր բաց շուկաների խնդիրը լուծել, մինի-շուկաների հարցը լուծել, եւ այս մարդկանց հրավիրելով այնտեղ` պետք էր որոշակի կոմպենսացիա առաջարկել, թեկուզ մի քանի ամսվա ընթացքում հարկից ազատելու ձեւով», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Այս տարվա հունվարից փողոցային առեւտրի արգելքի արդյունքում օրվա հացը վաստակելու հնարավորությունը կորցրած քաղաքացիները բողոքի ակցիաներով դուրս եկան քաղաքապետարանի եւ կառավարության շենքի առջեւ: Քաղաքապետարանը նրանց առաջարկեց տեղափոխվել քաղաքակիրթ առեւտրի կետեր, որոնց պայմանները ոչ միշտ էին ձեռնտու առեւտրականներին:

Հանրային խորհրդի անդամը երկու լուծում է տեսնում. - «Կամ շուկայի տերերը պետք է սոցիալական գործընկերության տրամաբանությամբ որոշակի զիջումների գնան, կամ էլ քաղաքապետարանը պետք է մինի շուկաներ ստեղծի, եւ դրանով զուգակշռի այդ մենատնտես շուկայի տերերի կողմից թելադրվող գները, իսկ այդ պրոցեսը, կարծում եմ, արդեն սկսվել է»:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը ահազանգում է` վերջին 10 տարվա քաղաքաշինությունը Երեւանում եւ հակաէկոլոգիական է, եւ հակասոցիալական է, եւ սեյսմիկ առումով խիստ վտանգավոր:

«Երեւանում իրականացվել է կոմերցիոն ճարտարապետություն», - ասում է Դաիելյանը` պարզաբանելով, թե վերջին տարիներին քաղաքը կառուցապատվել է ելնելով միայն բիզնեսի շահերից:

Քաղաքապետին առաջարկվել է դադարեցնել կետային կառուցապատումը, վերանայել կենտրոնի գոտիավորումը, պարտադիր անցկացնել հանրային լսումներ:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մարտի 22-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել էր, թե թույլ չեն տալու որեւէ շինարարություն մայրաքաղաքի կենտրոնում:

Մինչդեռ բնապահպան Կարինե Դանիելյանը շարունակում է ահազանգեր ստանալ բնակիչներից, որոնք վկայակոչում են կանաչ տարածքների հաշվին կառուցապատման օրինակներ, որոնց թույլտվությունը տվել է հենց գործող քաղաքապետը:

«Այն տենդենցները, որ արմատավորվել են քաղաքապետարանում, իրենց էությամբ հակաէկոլոգիական են: Ամբողջ համակարգի մոտեցումը պետք է փոխվի», - կարծում է բնապահպանը:

Հանրային խորհրդի անդամներին մնում է հուսալ, որ գործող քաղաքապետը կկատարի իր խոստումը, կլինի բացառություն նախորդ քաղաքապետերի շարքում եւ գոնե նախագահին կից գործող այս կառույցի առաջարկներն ու պահանջները չի թողնի թղթի վրա:
XS
SM
MD
LG