Մատչելիության հղումներ

Երեւանում եւ Բաքվում մեկնաբանում են համանախագահների զեկույցը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիե (Ֆրանսիա), Երեւան, 3-ը հուլիսի, 2010թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիե (Ֆրանսիա), Երեւան, 3-ը հուլիսի, 2010թ.
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները երկուշաբթի օրը մեկնաբանել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը:

«Զեկույցը ներկայացնում է համանախագահների տեսակետը տեղում իրավիճակի վերաբերյալ, որն ինչպես եւ նախորդ զեկույցի դեպքում, եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությունը», - երկուշաբթի երեկոյան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ նրա` «Հայաստանը կիսում է համանախագահների տեսակետն առ այն, որ միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ապահովել ապագայի ավելի հստակ հեռանկարներ տարածաշրջանի համար»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ակնկալում է նաեւ, որ «Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արեւելյան մաս, ինչպես նաեւ Շահումյանի շրջան, եւ համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների զեկույցին նույն օրը ավելի վաղ արձագանքել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը` մասնավորապես, հայտարարելով. - «Ադրբեջանը ողջունում է Մինսկի խմբի համանախագահների ուղերձը, որ կոչ է անում հրաժարվել յուրաքանչյուր գործունեությունից, որը կբերի Հայաստանի կողմից օկուպացված տարածքների ժողովրդագրական, սոցիալական, ինչպես նաեւ մշակութային նկարագրի փոփոխության կամ անհնարին կդարձնի ստատուս քվոյի փոփոխությունն ու խաղաղ լուծմանը հանգելը»:

Մինսկի խմբի համանախագահները, մինչդեռ, առայժմ հրապարակել են միայն զեկույցի ամփոփագիրը, որում կոչ են անում բոլոր կողմերի առաջնորդներին` «խուսափել վիճելի տարածքներում որեւէ գործունեություն ձեռնարկելուց, որը կարող է ներազդել վերջնական կարգավորման վրա եւ փոխել այդ տարածքների բնույթը»:

«Դաշտային գնահատման առաքելությունը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում շարունակվում է հայերի բնակեցման քաղաքականությունը, ինչպես նաեւ տնտեսական գործունեությունն ու ենթակառուցվածքների փոփոխությունը, որը հակասում է Ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեվյան 4-րդ կոնվենցիային», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե դիտորդների ներկայացրած զեկույցի համաձայն` կրթական, առողջապահական եւ ադմինիստրատիվ մի շարք շինություններ են կառուցվել հայկական սփյուռքի տրամադրած ֆինանսական օգնությամբ:

Մինչդեռ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած զեկույցի ամփոփագրում նշված է հետեւյալը. - «Համանախագահները գնահատել են, որ այս տարածքներում բնակչության նշանակալի աճ տեղի չի ունեցել 2005 թվականից ի վեր: Բնակիչները մեծ մասամբ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից: Նրանք ապրում են ծանր պայմաններում, չզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվություն են ցուցաբերում եւ հանրային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG