Մատչելիության հղումներ

Կայացավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը


Կիրակի երեկոյան` մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրը կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Թատրոնի դերասանները եւ թատերարվեստի մյուս գործիչները «Արտավազդ»-ի 12 անվանակարգերում պարգեւատրվեցին 2010 թվականի իրենց ձեռբերումների համար:

Լավագույն տղամարդ դերակատար են ճանաչվել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանը եւ Վանաձորի թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:

Լավագույն բեմադրիչ ճանաչվեց Վահե Շահվերդյանը` Վանաձորի իր ղեկավարած թատրոնում «Լիր արքա»-ի բեմադրության համար: Լավագույն ներկայացում են ճանաչվել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրված Վերդիի «Աիդա» օպերան եւ Դրամատիկական թատրոնում բեմադրված Շեքսպիրի «Հուլիոս կեսար» ողբերգությունը: Լավագույն երիտասարդ դերասաններ են ճանաչվել Մարիամ Ղազանչյանը, Նարեկ Ներսիսյանը եւ այլոք:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանն էլ արժանացավ «Արտավազդ»-ի հատուկ` Խորեն Աբրահամյանի անունը կրող մրցանակին` Գոյայի դերակատարման համար:

Դրամատուրգիայի անվանակարգում արդեն երկու տարի ոչ մեկը մրցանակի չի արժանանում: Անցյալ տարի որեւէ գործ չի ներկայացվել, իսկ այս տարի ներկայացված երկու գործերը հավանության չեն արժանացել մրցութային հանձնաժողովի կողմից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թատերական գործիչների նախագահ Հակոբ Ղազանչյանը ասում էր, թե «Արտավազդ»-ի 12 անվանակարգերում հանձնված մրցանակները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ թատերարվեստի բնագավառում իսկապես շատ գործ է արվում:

«Մրցանակաբաշխության գլխավոր իմաստը, այնուամենայնիվ, մրցույթը, սպորտ չէ, այլ այն, որ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ է տեղի ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում», -ասաց Ղազանչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG