Մատչելիության հղումներ

«Ժամանակ»-ը Քոչարյանների հայցի մեջ «հաշվեհարդարի ցանկություն» է տեսնում


«Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյան եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյան

«Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյան եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյան

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը անձամբ խնդիր է դրել լռեցնել եւ ֆինանսապես ծնկի բերել ընդդիմադիր օրաթերթին: Ըստ նրա` Քոչարյանների կողմից իրենց հաշտության առաջարկը չընդունելը հաշվեհարդարի ցանկության մասին է խոսում:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ»-ի դեմ` օրաթերթում անցած տարվա սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես գրել էր, թե նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղագործական բիզնեսով, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը ոմն ձեռնարկատերից խլել է առեւտրային կազմակերպություն: Հրապարակումներից մեկի համաձայն էլ` Սեդրակ Քոչարյանը ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Դատական նիստերից մեկի ժամանակ «Ժամանակ»-ի ներկայացուցիչը առաջարկել էր Քոչարյանների փաստաբանին հերքման տեքստ պարտրաստել` հաշտության գալու համար: «Ժամանակ»-ը արդեն մեկ անգամ տպագրել էր հերքում, որում կրկին վերաշարադրել էր հրապարակման բովանդակությունը: Քոչարյաններին դա չէր բավարարել, նրանց ներկայացուցիչը «Ժամանակ»-ին տրամադրել էր հերքման երկրորդ տեքստը: «Ժամանակ»-ի խմբագիրն ասում է, որ դա առանց փոփոխության տպագրել են, սակայն այն պատճառով, որ թերթը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի անձին վերաբերող այլ հրապարակումներ տպագրել, նրանք հրաժարվել են հաշտության համաձայնություն կնքել: Նրանց պահանջը մնացել էր ուժի մեջ, Քոչարյանները թերթից իբրեւ վնասի փոխհատուցում 6 միլիոն դրամ են պահանջում:

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում իր անհանգստությունը հայտնեց. Քոչարյանները խախտել են դատարան հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, սակայն գործը մինչեւ վերջ տանելու համար Քոչարյանների ընտանիքի փաստաբան Սարգիս Գրիգորյանը ուշացման մեղքը փորձում է իր վրա վերցնել, որպեսզի դատարանը գործը չմերժի ժամկետները խախտելու համար, բավարարվի փաստաբանին տույժի ենթարկելով եւ ի վերջո «Ժամանակ»-ը տուգանվի:

«Փաստաբանը նշում է, որ ինքը հայցը ներկայացրել է մինչեւ Բելլա Քոչարյանին ներկայացնելը իր այդ մտադրության մասին: Իրականում Սարգիս Գրիգորյանը շատ է ուզում, որ այստեղ տուժողը ինքը լինի, ոչ թե գործը մերժվի դատարանի կողմից: Եթե մենք ընդունենք, որ Բելլա Քոչարյանը տեղյակ չի եղել, իսկ մենք չենք ընդունում, մենք վստահ ենք, որ ոչ միայն Բելլա Քոչարյանի, այլեւ Ռոբերտ Քոչարյանի ուղղորդմամբ է հայցադիմումը կազմվել: Մենք ասում ենք` ոչ: Այսպիսի կարեւոր հայցադիմում, այն էլ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու ընտանիքի անդամների անգիտությամբ, չէր կարող դատարան գնալ: Հիմա պահանջում ենք, որ Սարգիս Գրիգորյանը ներկայացնի մի փաստաթուղթ, որտեղ կերեւա, որ Բելլա Քոչարյանը Սարգիս Գրիգորյանին լիազորել է նաեւ վիրավորվել իր փոխարեն, որովհետեւ չէր բացառվում, որ մեր հրապարակած տեղեկությունները որեւէ կերպ չվիրավորվեին Բելլա Քոչարյանին», - ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանը այսօր հայտարարեց, որ իր անազատության 3.5 տարիների ընթացքում (ազատազրկվել էր պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով) Քոչարյանի կողմից «պատվիրակված անվտանգության աշխատակիցները» իրեն մի քանի անգամ ասել են, որ «փակի «Ժամանակ» օրաթերթը եւ լքի Հայաստանը»:

«Քանի որ Ռոբերտ Քոչարյանին իր պաշտոնավարման ընթացքում դա չհաջողվեց, պաշտոնը թողնելուց հետո նա փաստորեն ցանկանում է իր այդ ծրագիրը իրագործել եւ հասնել «Ժամանակ»-ի փակմանը», - ասաց օրաթերթի խմբագիրը:

Սրան ի պատասխան` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ասաց. - «Ես խնդրում եմ սուտը խոսքի ազատության հետ չխառնել, պետք չէ սուտ տեղեկություններ տպել այն մասին, թե Քոչարյանի ընտանիքը ինչով է զբաղվում, ում ձեռքից ինչ-որ ընկերություն է խլում եւ այլն: Պետք է ճիշտ գրել: Մամուլի ազատության հիմքում ընկած է ճշմարտությունը»:

Բաբաջանյանի խոսքով` իրենք պատրաստ են սպառել հայաստանյան դատական բոլոր ատյանները եւ թերթի դեմ ներկայացված հայցերը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նրա խոսքով` ԱՄՆ-ում ապրող իրենց ընթերցողները պատրաստակամություն են հայտնել դրամահավաքի միջոցով հայթայթել անհրաժեշտ գումարը` դատական հայցերի բավարարման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG