Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը մտադիր է միջնորդել հայտնի բռնցքամարտիկի գործով


Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադրություն է հայտնել դիմել նախագահ Սերժ Սարգսյանին` մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով:

Հայտնի բռնցքամարտիկը ձերբակալվել է ընդդիմության` այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ:

Գագիկ Ծառուկյանը օրերս Մոսկվայի տանը Լոնդոն-2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո պատասխանելով Սամսոն Խաչատրյանին վերաբերող հարցին` մտահոգություն է հայտնել նրա գործի առնչությամբ, ու հավելել. - «Որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետեւ ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է»:

Ընդգծելով, որ Սամսոն Խաչատրյանը կարողացել է Հայաստանի հեղինակությունը ամբողջ աշխարհում բարձր պահել` Ծառուկյանը, միաժամանակ, նշել է, թե դա չի նշանակում, որ նման մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, մինչդեռ, համոզված է, որ Խաչատրյանին պետք է ոչ թե մեղմ վերաբերվեն, այլ արդարացնեն:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մեղմ վերաբերվում են հանցագործին, եթե նա զղջում է: Բայց անմեղին ի՞նչ մեղմ վերաբերվեն: Անմեղին պետք է արդարացնեն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG