Մատչելիության հղումներ

Ադրբեջանը արձագանքում է ԵԱՀԿ-ի դաշտային գնահատման առաքելության հաշվետվությանը


Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր իր վերաբերմունքն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում ԵԱՀԿ-ի իրականացրած գնահատման առաքելության հաշվետվության առնչությամբ:

«Ադրբեջանը սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դիմումը, որում կոչ է արվում հրաժարվել ցանկացած գործունեությունից, որը կարող է ժողովրդագրական, սոցիալական, ինչպես նաեւ մշակութային բնույթի փոփոխությունների հանգեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է երկուշաբթի առավոտյան ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարությունում:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության` ԵԱՀԿ-ի դաշտային գնահատման առաքելության եւ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները հիմք են հանդիսանում ապագայում այդ հիմնախնդրի քննարկման եւ կարգավորման համար:

«Ադրբեջանը հավատում է միջազգային հանրության լուրջ աջակցությանը այդ հողերի ազատագրմանը: Ադրբեջանը համաձայն է համաշխարհային մասշտաբով գոյություն ունեցող այն ըմբռնմանը, որ օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերմամբ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ կնվազի լուրջ սպառնալիքը տարածաշրջանի համար», - Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասված է հայտարարությունում:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները գնահատման առաքելության հաշվետվությունը հրապարակեցին անցած շաբաթ Վիեննայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG