Մատչելիության հղումներ

Սկսվում է հետհամակարգչային դարաշրջանը, փաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետները, իսկ ներդրողները ակտիվորեն գումարներ են դնում բազմաֆունկցիոնալ հեռախոսների` սմարթֆոնների հետ կապված յուրաքանչյուր նախագծում:

41 միլիոն դոլար էլ ներդրվել է սմարթֆոնների` Android-ի եւ iPhone-ի համար նախատեսված սոցիալական ցանցի ստեղծման համար, որ օրերս ներկայացվեց հանրությանը եւ որը, հիմնադիրների խոսքով, հավակնություն ունի Facebook-ի գլխավոր մրցակիցը դառնալ եւ մարդկանց վերջնականապես «պոկել» համակարգչից:

Նոր սոցիալական ցանցը կոչվում է Color, դրա հեղինակը Բիլ Նգուենն է, ով ավելի վաղ Apple ընկերությանը երաժշտության օնլայն վաճառքի համակարգ է վաճառել 80 միլիոն դոլարով: Նրա խոսքով` նոր սոցիալական ցանցի հիմնական գաղափարը տեղեկատվության փոխանակումը նոր մակարդակի հասցնելն է` ապահովելով ինֆորմացիայի դինամիկ եւ թափանցիկ շրջապտույտ:

Color-ն ամբողջովին բաց եւ թափանցիկ սոցիալական ցանց է, որում չի պահանջվում գրանցվել, ընկերանալու հայտեր ուղարկել եւ այլն: Սոցիալական ցանցի օգտատերերին նաեւ հնարավորություն չի տրվում թաքնվել ծածկանունների տակ` համակարգը հեռախոսահամարի միջոցով որոշում է օգտատիրոջը:

Ծառայությունը օգտատերերին հնարավորություն չի տալիս ընտրել փակ, գաղտնի եւ մասնավոր ռեժիմներ` համարելով, որ ողջ տեղեկատվությունը հրապարակային է, եւ այն կարող է տեսնել յուրաքանչյուր ոք, ով գտնվում է մոտակայքում:

Սոցիալական այս ցանցում շեշտը դրված է տարածքում մոտ գտնվելու եւ այն հանգամանքի վրա, որ սմարթֆոնները կարողանում են որոշել օգտատիրոջ գտնվելու վայրը: Միմյանց հետ շփվելու միակ պայմանը, փաստորեն, աշխարհագրորեն մոտ գտնվելն է` օգտատերերը հայտնվում են միմյանց օնլայն տեսադաշտում, եթե նրանց միջեւ հեռավորությունը չի գերազանցում 50 մետրը: Այդ դեպքում նրանք կարող են դիտել միմյանց նկարները, տեսանյութերը, իրար հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ եթե անծանոթ են կյանքում:

Ցանցը հնարավորություն է տալիս տեսնել, թե քո ընկերները ինչ են լուսանկարել կամ տեսանկարահանել, նաեւ ընկերների կողմից այդ տարածքում նախկինում արված լուսանկարները: Օրինակ, եթե գտնվում եք Հանրապետության հրապարակում, սոցիալական ցանցը ձեզ կներկայացնի ձեր ընկերների բոլոր այն նկարները, որ կապված են հրապարակի հետ:

Նոր սոցիալական ցանցը անվճար է օգտատերերի համար եւ նախատեսում է գումար աշխատել գովազդի հաշվին` գովազդատուները, կրկին ցանցի միջոցով տեղեկանալով օգտատիրոջ գտնվելու վայրի մասին, կառաջարկեն մտնել իրենց ռեստորանը, սրճարանը կամ օգտվել իրենց ծառայություններից:

Այս սոցիալական ցանցը, ստեղծողների մտահղացմամբ, պետք է փոխի տեղեկատվության փոխանակման դաշտը` այն դարձնելով ավելի դինամիկ: Դրա ստեղծողը հաջողել է իր նախագծի համար 41 միլիոն դոլարի ներդրում ապահովել, ներդրողներից դատելով` ծրագիրը պետք է որ աշխատի. մինչ այժմ նրանք ֆինանասավորել են այնպիսի նախագծեր, որոնք հաջողություն են ունեցել` ինչպես, օրինակ, Google-ն է:

Սակայն քիչ չեն նաեւ նոր սոցիալական ցանցը քննադատողները: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ սոցիալական այդ ցանցը, մեծ հաշվով, անիմաստ է, եւ անհասկանալի են դրա կիրառման նպատակները:

Այս քննադատությունը հնչեցնում են ոչ միայն ոլորտի մասնագետները, այլեւ ցանցի պոտենցիալ սպառողները: Ահա թե ինչ կարծիքներ են թողել Color համակարգի կայքում այցելուները.

«Հարցն այն է, որ ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ են անում ինձնից 50 մետրի վրա գտնվող մարդիկ, ոչ, շնորհակալ եմ», - գրում է այցելուներից մեկը:

Մեկ ուրիշն էլ կարծիք է հայտնում, թե սա տասնամյակի ամենաանիմաստ արտադրանքն է, եւ հավելում, թե «մոդայիկ արտահայտություններով սքողված անպետքությունը» ինչ-որ կերպ 41 միլիոն դոլար է հաջողացրել ստանալ, մինչ ինչ-որ մեկը կհասկանար, թե որքան իմաստազուրկ է այն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG