Մատչելիության հղումներ

Սինգապուրի հայկական եկեղեցին նշեց իր 175-ամյակը


Սինգապուրի հայ համայնքը, արտերկրից ժամանած հայերն ու տեղացի պաշտոնյաները կիրակի օրը նշեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու կառուցման 175-ամյակը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սինգապուրում գտնվող քրիստոնեական ամենահին եկեղեցին է։ 1973 թվականից եկեղեցին դասվել է պետության կողմից ճանաչված ազգային հուշարձանների շարքում։

Աշխարհի 14 երկրներից 160 հայեր են ժամանել Սինգապուր տոնական արարողությանը մասնակցելու համար:

Շաբաթ օրը հանդիսավոր ընթրիք է տրվել Raffles Hotel հյուրանոցում։ Շինության մասին տեղական մամուլը գրում է` «սինգապուրյան եզակի ուղենիշ», որը 1887 թվականին կառուցել են հայազգի եղբայրներ Տիգրան եւ Ավետիք Սարգիսները։

Կիրակի օրը պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Պատարագը մատուցել է հատուկ այդ նպատակով Սինգապուր ժամանած արքեպիսկոպոսը։

Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոն մասնակցել է պատարագին, որից հետո The Straits Times թերթին ասել է, թե «հայկական եկեղեցին եւ համայնքը Սինգապուրի ժառանգության կարեւոր մասն են»։

Թերթը գրում է , որ Սինգապուրում մոտավորապես 80 հայ է ապրում։ Փոքրաթիվ համայնքը վերջին հինգ տարվա ընթացքում կրկնապատկվել է` հիմնականում Հայաստանից տեղափոխվածների հաշվին։ Վերջին երկու տարիների ընթացքում Սինգապուրում 10 հայ երեխա է ծնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG