Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում հրատարակվող հայալեզու թերթի խմբագիրը շոշափելի փոփոխություններ չի ակնկալում


Արա Գոչունյանը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: 9-ը նոյեմբերի 2010 թ.:

Արա Գոչունյանը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: 9-ը նոյեմբերի 2010 թ.:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայալեզու օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի խոսքով, գալիք հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո քիչ հավանական է, որ շոշափելի փոփոխությոների տեղի ունենան Հայաստանի նկատմամբ մոտեցումներում:

Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գոչունւանը խորհուրդ տվեց հայաստանյան հանրությանը մեծ հույսեր չկապել Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ:

«Ընտրությունները, իհարկե, իրենց ազդեցությունն ունեցան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի սառեցման վրա, որովհետեւ հակադիր քաղաքական ուժերը կարող էին այն շահարկել նախընտրական պայքարում», - ասաց Գոչունյանը` շարունակելով. - «Ընտրությունը պետք է լինի այն, որ դժվարեցնող մի գործոն պակասելու է, բայց միակ գործոնը չէ»:

Նրա խոսքով, այն մարդկանց, շրջանակների համար, որոնք քաջատեղյակ էին հայ-թուրքական հարաբերություններից, ամենեւին էլ անակնկալ չէ այսօրվա վիճակը: Եվ բացի այդ, Գոչունյանի գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայում կա որոշակի կոնսենսուս հասարակական ու պետական շրջանակների միջեւ:

«Հասարակական շրջանակների պատկերացումները այդքան էլ չեն տարբերվում պետական քաղաքականությունից` այն իմաստով, որ Թուրքիան հիմա ավելի սպասողական դիրքի մեջ է: Երեւի սպասում է, թե ուրիշ գործընթացները, որոնք ներազդում են այս հայ-թուրքական հարաբերությունների վրա, ինչ ընթացք կունենան… Բայց հասակարության կեցվածքը եւ պետական քաղաքականությունը այդքան հակասության մեջ չեն»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայում առկա մոտեցումներին, Գոչունյանի ներկայացմամբ, դրանք կարծես թե մնում են անփոփոխ. - «Թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման գործընթաց մտել էր` արդեն հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մի շարք հավասարակշռություններ: Այդ հավասարակշռությունները ներառում են նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունները»:

Ստամբուլյան «Ժամանակ»օրաթերթի գլխավոր խմբագիրը անդրադարձավ նաեւ վերջին շրջանում Թուրքիայում քաղաքական որոշ կուսակցությունների կողմից` իրենց նախընտրական ցուցակներում ազգությամբ հայ թեկնածուների ընդգրկման հարցին` նշելով, որ ներկայումս Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից, կարծես թե, ավելի լուրջ մոտեցում կա թրքահայ համայնքի ներկայացուցիչներին երկրի քաղաքական կյանքի մեջ ներգրավելուն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG