Մատչելիության հղումներ

Մարտի 26-ի մամուլ


«ժամանակ»-ը անդրադառնում է այսօրվա կարեւորագույն իրադարձությանը. - «Երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստան -Ռուսաստան ընտրական երկար սպասված հանդիպումը, որի շուրջ կրքերը բորբոքվում են արդեն մի քանի ամիս ու թերեւս այդքան էլ կշարունակվեն` անկախ խաղի արդյունքից, քանի որ ընտրական մրցաշարի շրջանակներում այդ թիմերը հաջորդ հանդիպումը նույնպես իրար դեմ են խաղալու` այս անգամ Ռուսաստանում: Բայց բավական հետաքրքրական են նաեւ խաղի շուրջ տեղի ունեցող գործընթացները, որոնք բացում են հանդիպման ենթահոգեբանական մի շերտ, որում զուտ ֆուտբոլային դիմակայությունը ընդամենը շատ ավելի լուրջ հակադրությունների դրսեւորման կամ արտահայտման առիթ է: Խոսքն այն մասին է, որ ինչքան մոտենում էր Հայաստան - Ռուսաստան հանդիպումը, այնքան ավելի հաճախակիանում էին հայ-ռուսական բարեկամության մասին հիշեցումները: Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հայտնվեցին «շուրջպար» բռնած պաստառներ, որոնք կարծես թե հայաստանցիների հիշեցնում են, որ ֆուտբոլը` ֆուտբոլ, իսկ բարեկամության մասին չպետք է մոռանալ»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ասում է. - «Ի՞նչ է, ըստ էության, տեղի ունեցել մարտի 17-ին, ինչու ենք մենք այդքան ոգեւորված: Մենք ազատել էինք այս վարչախմբից մեր կարեւոր քաղբանտարկյալներից մեկին` Ազատության հրապարակը: Ընդ որում, ազատեցինք առանց որեւէ միջադեպի, ոստիկանության հետ առանց որեւէ բախման… Այսինքն, ժողովրդի քանակը, հանրահավաքի էներգետիկան, ոգեւորությունը այնքան մեծ էին, այնքան հզոր, որ որեւէ ոստիկանական ուժ որեւէ ռեժիմ չէր կարող գործադրել: Իսկ եթե գործադրեին, ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե դրա հետեւանքը ինչ կլիներ: Այդ իսկ պատճառով է, որ մեր որոշ համախոհների մեջ տպավորություն ստեղծվել, թե Ազատության հրապարակ ընդդիմության մուտքը իշխանության հետ պայմանավորվածության արդյունք էր: Ամբողջ խնդիրը այն է, որ այդ գերլարված վիճակը բերել էր լիցքաթափման: Մենք մտել էինք Ազատության հրապարակ: Եթե զինվորական տերմինոլոգիայով ներկայացնեմ, մենք գրավել էինք հակառակորդի` վարչախմբի միջնաբերդը, եւ իշխանության մեջ դա խուճապ է առաջացրել, որովհետեւ վարչախումբը իր ուժային կառույցներով այն երեք տարի գիշեր ու ցերեկ շրջափակած պաշտպանել էր ընդդիմությունից, իսկ այժմ առանց որեւէ դիմադրության հանձնեց»:

«Առավոտ»-ի խմբագիրը սարկազմով նկատում է. - «Երբ Երեւանում 200 հազար հոգի փողոց դուրս գա, եւ Սերժ Սարգսյանը, նրանցից վախենալով, հրաժարական տա, այդժամ Հայաստանում կտապալվի բռնապետությունը եւ ժողովրդավարություն կհաստատվի: Դրանից հետո անհրաժեշտություն կառաջանա ազատ ու հպարտ հայրենիք կերտելու: Ուզում եմ այդ գործում իմ փոքրիկ լուման ներդնել եւ առաջարկություն անել: Պետք է հաշիվ պահանջել բոլոր նրանցից, ովքեր փողոց դուրս չեն եկել եւ իրենց կոկորդներով չեն մասնակցել համաժողովրդական շարժմանը: Նոր, ժողովրդավարական Հայաստանում այդ նորմը պետք է ամրագրվի օրենսդրորեն` փոփոխություններ մտցնելով Քրեական օրենսգրքում: Առաջարկում եմ սահմանել հետեւյալ պատիժները. 1.նրանք, ովքեր թերահավատ էին, կասկածներ էին հայտնում Շարժման հաղթանակի վերաբերյալ, պիտի դատապարտվեն 5 տարով, 2. նրանք, ովքեր ջուր էին լցնում իշխանության ջրաղացին` 10 տարով, 3. նրանք, ովքեր խանգարում էին Շարժման հաղթանակին` 15 տարով»:

«168 ժամ»-ի թղթակիցը պատգամավոր Վահան Հովհաննիսյանին (ՀՅԴ) հարցնում է. - «Գլոբալ փոփոխությունների պատասխանատուն կառավարությո՞ւնն է, թե՞ նախագահը»: «Իշխանությունը Հայաստանում մի ընդհանուր համակարգ է: Ովքեր Ազգային ժողովում հլու- հնազանդ կերպով կոճակ են սեղմում` այդ կուրսը հաստատող օրենքներն ընդունելով, դրանք էլ նույն չափով մեղավոր են: Հիմա չառանձնացնենք: Մի դեպքում` մի նախարար ավելի մեղավոր է, մի դեպքում` ավելի մեղավոր է նախագահը, բայց մենք ինչո՞ւ ենք սա առանձնացնում: Առանձնացնելու պարագաներ եղել են: Օրինակ, երբ խոսքը գնում էր հայ-թուրքական արձանագրությունների մասին, մեզ շատ հստակ էր, որ, ասենք, գյուղատնտեսության կամ սոցապ նախարարներին այս հարցում մեղադրելն իմաստ չունի», - պատասխանում է պատգամավորը: Հարցին, թե ինչո՞ւ է իրեն ընդդիմադիր համարող Դաշնակցությունը շատ հարցերում մեղմ դիրքորոշում որդեգրել, Հովհաննիսյանը պատասխանում է. - « Դա մեղմ դիրք չէ, դա գործնական դիրք է: Մենք ռեալիստ ենք, մենք հասկանում ենք, որ կուսակցություններ, տարբեր քաղաքական անձինք, որոնք փոփոխություններն անպայման ուզում են տեսնել իրենց քաղաքական կարիերայի ընթացքում, դրանք կարող են նաեւ սխալվել: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն փոփոխությունները, որոնք մենք ենք ուզում, կարող է պատահել, որ ես չհասցնեմ տեսնել, բայց պետք է այնպես անեմ, որ դրանք անխուսափելիորեն գան: Իսկ միտինգներով եւ տարբեր ցնցող գործողություններով ոչ մի երաշխիք չկա, որ դրան կհասնեն»:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Կարո՞ղ ենք ասել, որ մեր ներքաղաքական կյանքում խաղի կանոնները փոխվեցին մարտի 17-ին: Կարող ենք իհարկե: Բայց դա կլինի միայն Հայ ազգային կոնգրեսի այն հազարավոր ֆանատների կարծիքը, ովքեր հիասթափություն ապրեցին ընդամենը մարտի 17-ին: Մեր կարծիքով, խաղի կանոնների փոփոխման սկիզբը դրվեց ավելի վաղ` նախագահի պաշտոնավարման մեկ տարին չլրացած, երբ Գյուլ հրավիրեցին, եւ հրապարակ եկան հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրված տարբերակները: Ամեն ինչ իր տեղը ընկավ սկսած այն պահից, երբ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը շտապես հայտարարել, որ դադարեցնում է հանրահավաքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG