Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիում նշեցին Խոսքի ազատության օրը


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ մարտի 25-ին երրորդ անգամ նշվեց Խոսքի ազատության օրը:

Չորս տարի առաջ այս օրը «Ասպարեզ» ակումբի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության համատեղ ջանքերով անցկացված հնգօրյա հեռուստամարաթոնի արդյունքում համաժողովրդական հանգանակության շնորհիվ հօգուտ ԳԱԼԱ-ի հավաքվեց մոտ 26 միլիոն դրամ, եւ հեռուստաընկերությունը, որը ընդդիմության հանրահավաքները լուսաբանելուց հետո հայտնվել էր իշխանությունների աննախադեպ ճնշման տակ, կարողացավ վճարել հարկային մարմինների սահմանած տույժերն ու տուգանքները եւ փրկվեց եթերազրկման սպառնալիքից:

Հանդիսությանը մասնակցում էին Երեւանից, Վանաձորից, Ալավերդուց, ժամանած հյուրեր` լրագրողներ, լրատվամիջոցների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Հանդիսության ընթացքում ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պարգեւատրեցին իրենց աշխատանքով աչքի ընկած 4 լրագրողների:

Մասնավորապես, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» հասարակական կազմակերպությունը մրցանակ հանձնեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանին` իրավապաշտպանության խնդիրների լուսաբանման համար:

Հայաստանի Էկոլոգիական հասարակական դաշինքը բնապահպանական խնդիրների արագ արձագանքման եւ լուսաբանման համար մրցանակ հանձնեց Ինգա Զարաֆյանին:

Գյումրիի շահերի պաշտպանության ոլորտի մի խումբ հասարակական կազմակերպություններ բարձր գնահատեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սաթենիկ Կաղզվանցյանի (Վանցյան) աշխատանքը քաղաքային եւ շահերի պաշտպանության խնդիրների լուսաբանման գործում:

Խոսքի ազատության օրվա կազմակերպական խորհուրդը մրցանակ հանձնեց «Հետք» պարբերականի լրագրող Լարիսա Փարեմուզյանին` հետաքննական լրագրության ոլորտում նրա արած բացահայտումների համար:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունից ոչ ոք միջոցառմանը չէր մասնակցում:
XS
SM
MD
LG