Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը Պատվո շքանշան է հանձնել Նիկիտա Սիմոնյանին


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ-ի բազմակի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանի ասպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ում ղեկավարությամբ Երեւանի «Արարատ»-ը 1973 թվականին դարձավ Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր:

«Մենք միշտ հպարտանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներով եւ, առաջին հերթին, այն մարդկանցով, ովքեր իրենց բնագավառներում հասել են ամենաբարձր մակարդակների: Դուք մեր ազգն ավելի ճանաչելի եք դարձնում: Շնորհակալություն Ձեզ», - լեգենդար ֆուտբոլիստին ասել է Սերժ Սարգսյանը:

Հայ - ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, Նիկիտա Սիմոնյանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով, որը այսօրվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնել է նրան:

«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանալ այս բարձր պարգեւը: Գիտեք, ես հարյուր տոկոսանոց հայ եմ: Իմ ծնողները, Արդվինի հայեր լինելով, ժամանակին փախել են ցեղասպանությունից: Հայրս եղել է մեծ հայրենասեր: Ինձ համար մեծ պատիվ էր 1973 թվականին գլխավորել «Արարատ»-ը: Եվ այն, ինչ արեցին այդ տղաները, նվաճելով չեմպիոնի տիտղոսը եւ գավաթը, ինձ համար` որպես մարզչի, մեծ տոն էր: Հնարավոր չէ փոխանցել, թե այն ժամանակ ինչպես արձագանքեց ժողովուրդը: Իսկապես, դա հրաշալի թիմ էր: Դրա համար էլ ես այդ սերնդին եւ, իհարկե, մեր ամբողջ ժողովրդին պարզապես շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ», - ասել է Նիկիտա Սիմոնյանը:

Նախագահը նշել է, որ ինքն էլ հիշում է այդ օրերին հայ ժողովրդի ցնծությունը: «Իմ հիշողության մեջ երեք այդպիսի ցնծության դեպք է դաջվել: Առաջինը, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Երկրորդը, երբ 1973 թվականին «Արարատ»-ը դարձավ չեմպիոն եւ նվաճեց գավաթը, եւ երրորդը, երբ մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին: Ահա, այդ դեպքերից մեկի համահեղինակը Դուք եք: Այդ հաղթանակը, իրոք, մեծ երեւույթ է եւ միայն սպորտային ձեռքբերում չէ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG