Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն հաստատեց, որ որպես վկա հարցաքննվել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Այդ չարաբաստիկ քրեական գործի շրջանակներում երեկ չէ առաջին օրը ես իսկապես հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով: Ինձ լսել են, ինչ բացատրություն պետք է եղել, ես տվել եմ: Իսկ ինչո՞ւ չպետք է բացատրություն տայի, եւ բոլորը, ովքեր եղել են դեպքի վայրում, մասնակցել են այդ գործի ընթացքին եւ ղեկավարմանը, պարտադիր բոլորին լսում են», - ասաց Նազարյանը ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Հովհաննես Թամամյանը կալանավորվել է հինգշաբթի երեկոյան: Նրան ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք:

Ընդգծելով, որ նախաքննությունը շարունակվում է, եւ այլ մանրամասներ հայտնել չի կարող, Ներսես Նազարյանը միաժամանակ հայտարարեց, որ ինքը այդ չարաշահումների հետ որեւէ առնչություն չի ունեցել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա հերքեց այն լուրերը, թե Ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանը իր ցուցմունքներում բացի Թամամյանից, նաեւ իր անունն է տվել:

«Աստված հեռու պահի նման բաներից: Երեւան քաղաքի ոստիկանության ձեր պետը նման դեպքերի հետ ոչ մի առնչություն չունի, եւ փառք Աստծո, յոթ տարի իրար հետ աշխատում էինք, դուք չեք լսել, որ մասնակիցը լինեմ նման որեւէ հնչեղություն ունեցող քրեական գործերի կամ ինչ-որ օրինազանցությունների», - ասաց Երեւանի ոստիկանապետը:

Հարցին, թե գործը շուրջ ութ ամիս քննվել է, ինքը արդյո՞ք տեղյակ չի եղել, որ քննությունը սխալ ուղղությամբ է գնում, Նազարյանը պատասխանեց, թե գործը իրենց վարույթից դուրս է քննվել: Խոսքը 2010-ի մայիսի 12-ին Կոմիտասի պողոտայում Խաչիկ Մկրտչյան անուն ազգանունով մի քաղաքացու սպանության դեպքի մասին է: Ըստ Գլխավոր դատախազության` այս գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով փաստեր էին խեղաթյուրվել եւ մեղադրանք էր առաջադրվել ոչ թե իրական սպանողին, այլ` մեկ այլ անձի, ով Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի ազգականն է: Իսկ սպանության իրական կատարողը գործով ընդամենը որպես վկա էր կանչվել: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք այս գործը կբացահայտվեր, եթե խոսքը նախկին թաղապետի ազգականի մասին չլիներ, Նազարյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ` Հովհաննես Շահինյանը գործին միջամտել է, թե` ոչ. երիտասարդի ծնողներն են բողոքել, որոնք «ոչ մի պաշտոնյա չեն»:

Սպանության այդ աղմկահարույց դեպքի հետ կապված Հովհաննես Թամամյանն ու Վարազդատ Ադամյանը անցած ամսվա վերջին պաշտոնանկ արվեցին, քանի որ նախաքննական մարմինը որոշել էր, որ պաշտոններին մնալով` նրանք կարող են խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը: Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրին, որ առայժմ միայն Թամամյանին է մեղադրանք առաջադրված, Վարազդատ Ադամյանը գործով որպես վկա է անցնում:

Հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է, որ Թամամյանի հետ կապված այլ գործեր էլ բացվեն կամ վերանայվեն, Նազարյանը պատասխանեց. - «Թաքցնելու բան չկա, նման գործեր կան, որ ուսումնասիրվում են եւ ինչպես այս գործը, այնպես էլ մյուս գործերը պարտադիր լուսաբանվելու են եւ մոտակա ժամանակում»:

Նազարյանի խոսքով` այդ դեպքի շրջանակներում բոլորը, այդ թվում` ինքը, հասկացան, որ «ոչ ոքի ներում չի լինելու ոչ Հայաստանի նախագահի, ոչ էլ ոստիկանապետի կողմից»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG