Մատչելիության հղումներ

Անհնազանդության ակցիաներ, առնվազն 12 բերման ենթարկված կա


Անհնազանդության ակցիաների Երևանում, 10-ը մայիսի, 2024թ.
Անհնազանդության ակցիաների Երևանում, 10-ը մայիսի, 2024թ.

Առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ Երևանում, նաև` Վայոց ձորում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանցից 9-ը, որ բաժիններ էին տարվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, արդեն ազատ են արձակվել։ Երեքը կասկածվում են տարբեր հանցանքների մեջ։

Հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էր երեկ անհնազանդության խաղաղ ակցիաների մասին հայտարարել։ Այսօր արդեն նա իր աջակիցների հետո երթով շրջում էր մայրաքաղաքի տարբեր փողոցներով, անցնում բուհերի կողքով։ Երթի ընթացքում նրան միացան մայրաքաղաքի տարբեր բուհերի, այդ թվում՝ Երևանի Պետական համալսարանի ուսանողները։

Ընդդիմադիր պատգամավորներն ու իրավապաշտպանները շտապեցին հայտարարել՝ դասադուլը ուսանողների իրավունքն է, ու դրան խոչընդոտելը հանցագործություն է։

Երեք ժամով ձերբակալվածների շարքում էին նաև Սլավոնական համալսարանի երկու ուսանողներ, որ միացել էին դասադուլին։ Նրանց բաժին տարան ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրանցից մեկի ձերբակալության տեսանյութը տարածել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Բացի երևանյան երթերից, այսօր նաև ճանապարհներ փակվեցին մարզերում՝ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիսի և Սիսիանի հատվածները, Ապարան-Երևան, Սպիտակ-Երևան մայրուղին, նաև՝ Երևանից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհը։

Երկու ժամով փակվել էր նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ բնակիչները շարունակում են պահանջել դադարեցնել սահմանազատման գործընթացը։ Փակվել էր նաև Գառնի-Երևան ճանապարհը, այն արդեն բաց է, բայց պարեկները դեռ հսկողություն են իրականացնում՝ Ջրվեժի մոտ ստուգում են քաղաք մտնող բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու հորդորում Երևանի կենտրոն չմտնել։ Դրանք, ի դեպ, այսպես, թե այնպես, կենտրոն չեն կարող մտնել քաղաքապետարանի որոշմամբ։

Ո՞րն է այս ստուգումների պատճառը, ՆԳՆ-ից մեկնաբանեցին՝ անվտանգության նկատառումներից ելնելով ստուգումներ են իրականացնում։ Վարորդներից մեկը պատմեց՝ իրեն առաջին անգամ են նման հորդորով կանգնեցնում. - «Բայց որ ուզենամ կենտրոն գնամ, ես հաստատ չեմ ենթարկվի ու կգնամ: Էդ իմ անձնական խնդիրն ա, էլի, պարտադիր չի՝ ինձ ասեն մի գնա, որ ես չգնամ», - հավելեց նա:

Ակցիաների՝ դեռևս անազատության մեջ պահվող երեք մասնակիցներից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակ պահելու համար։ Արդեն քրեական գործ է հարուցվել։ Ձերբակալվածները, ըստ Քննչականի, Երևանի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնք բերման են ենթարկվել ժամը 12-ի սահմաններում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից։

Մի քրեական գործ էլ հարուցվել է Վայոց ձորի ակցիաներից մեկի դրվագով՝ ձերբակալված քաղաքացին կասկածվում է ոստիկանի գլխին բռունցքներով հարվածելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG