Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Ջորջիո Մյուլեի հետ Բաքվում քննարկել է հակամարտությունից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ջորջիո Մյուլեն Բաքվում է՝ մասնակցելու Միջմշակութային երկխոսության VI ֆորումին։
Բայրամովը Մյուլեին մանրամասն տեղեկացրել է «տարածաշրջանում տիրող իրավիճակի, ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանում ականների խնդրի մասին»։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ, մասնավորապես, տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։
Եվրամիության անդամ Իտալիան համարվում է Եվրոպայում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հիմնական գնորդը։ Իտալիան նաև ադրբեջանական նավթի խոշոր գնորդներից է։ 2023-ի ամռանը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերում, որը տեղի է ունենում Բաքվի և Հռոմի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման արդյունքում։