Մատչելիության հղումներ

Վերջին տարիներին Շիրակում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գրեթե կիսով չափ կրճատվել է


Հայաստան - Կովեր Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի արոտավայրում, արխիվ
Հայաստան - Կովեր Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի արոտավայրում, արխիվ

Վերջին տարիներին Շիրակի մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է գրեթե 50 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ եթե 4-5 տարի առաջ մարզում շուրջ 120 հազար խոշոր եղջերավոր անասուն էր հաշվառվել, ապա հիմա՝ շուրջ 65 հազար։

Չկա մի գյուղ, որտեղ անկում չլինի, փաստում են տեղի անասնաբույժները։ Մարալիկում անկումը հասնում է 60 տոկոսի, ասում է համայնքի անասնաբույժ Լևոն Ղազարյանը, ով 50 տարի է այս գործին է. - «Մարալիկում էսօր 1000 գլուխ է մնացել, երբ երկու տարի առաջ 2 հազար 400 գլուխ անասուն է եղել»:

Երկու տարի առաջ երաշտի հետևանքով անասնակերը կտրուկ թանկացավ՝ մեկ հակ խոտի գինը 1000-ից հասավ 2500 դրամի։ Ու հենց այդ տարի անասնագլխաքանակի կտրուկ անկում գրանցվեց։ Ինքը՝ Լևոն Ղազարյանն էլ է ստիպված եղել հրաժարվել անասնապահությամբ զբաղվելուց. - «Ունեցել եմ 3-4 գլուխ անասուն, բայց էսօր ոչ մի հատ էլ չունեմ: Մորթել եմ, վաճառել եմ, որովհետև հնար չկա, եկամուտ չկա՝ ոչ մի եկամուտ չկա էդ անասունից»:

Ղազանչի համայնքի անասնաբույժ Աշոտ Մարգարյանը բացատրում է՝ հատկապես Աշոցքի ու Ամասիայի ցուրտ տարածաշրջանում անասուն պահելն ավելի թանկ է նստում գյուղացու վրա, քանի որ ավելի շատ կեր է պահանջվում ձմեռացման համար։

Արթիկ խոշորացված համայնքի 30 տարվա անասնաբույժ Համլետ Ադամյանն ասում է՝ այս պայմաններում անասնապահությամբ զբաղվելը եկամտաբեր չէ գյուղացու համար։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ընդունում է, որ անասուն պահել դարձել է ոչ եկամտաբեր հիմնականում թանկ կերի պատճառով։ Բայց պաշտոնյան կարծում է՝ այս տարի կերի խնդիր չի լինի։

«Այս տարի, ինչպես տեսնում ենք, ավելի շատ տեղումներ եղան, և էդ խնդիրը չենք ունենա: Չորային տարի չի լինի, իմ կարծիքով, և այդ երաշտի առջև կանգնելու վտանգը չի լինի», - «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Հովհաննիսյանը:

Անասնաբույժները մտահոգ են՝ եթե անասնապահության նկատմամբ շարունակվի նման մոտեցումը, ապա առաջիկայում մսի ու կաթնամթերքի դեֆիցիտի խնդիր կարող է առաջանալ։

Անասնաբուծության զարգացման համար մի քանի ծրագրեր կան, ասում է Գառնիկ Հովհաննիսյանը, դրանցով են փորձելու կրճատված անասնագլխաքանակը վերականգնել։

Կառավարությունն օժանդակության երկու ծրագիր է իրականացնում։ Տեղական անասուն գնելու դեպքում գյուղացին վարկը 2, իսկ դրսից ներկրելու դեպքում` 3 տոկոսով է ստանում, տոկոսադրույքի մյուս մասը պետությունն իր վրա է վերցնում։ Մյուսը խելացի անասնագոմի ծրագիրն է։ Եթե գյուղացին վարկ է վերցնում, ապա՝ դարձյալ ցածր՝ 2 տոկոսով, իսկ սեփական ներդրումը կատարելու՝ 11 միլիոնից մինչև 35 միլիոն ծախսելու դեպքում, գումարի 50 տոկոսը փոխհատուցում է պետությունը։ Այս ծրագրերի արդյունքները դեռ չեն ամփոփվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG