Մատչելիության հղումներ

Կիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ են


Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ արդեն մեկ շաբաթ։ Երեկոյան ժամի 19-20-ի սահմաններում իրավիճակն այստեղ լարվեց. բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ դեպի Բերքաբեր և ըստ հրապարակված քարտեզի՝ ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։

Ճանապարհը փակած տեղացիները կասկածներ ունեն, որ նրանք քարտեզագիրներ են։ Մեքենայի մուտքն արգելափակել են՝ թույլ չեն տալիս դուրս գալ։ Որևէ պաշտոնական պարզաբանում դեռևս չկա։

Տեղում նաև ոստիկաններ են։ Լրատվամիջոցներին չեն թողնում մոտ գնալ։

Այստեղ է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա մարդկանց համոզում էր ազատել մեքենայի ճանապարհը։ Ասաց, որ եկել է խնդիրները գույքագրելու։ Մինչդեռ, այս ամբողջ գործընթացի մասին տևական ժամանակ է հայտնի, իսկ քարտեզն էլ՝ հրապարակված։

«Ազատության» հարցին, թե ինչ է լինելու այս հատվածի՝ քարտեզով ադրբեջանական կողմին անցնող տների ճակատագիրը, ի՞նչ է սպավում Կիրանց գյուղին, Հայկ Ղալումյանը պատասխանեց, որ դեռ ճշգրտումների կարիք կա, սահմանագիծը հաստ է, և պետք է հասկանան՝ կոնկրետ կետերը որտեղ են լինելու։ Մարզպետը ասաց նաև, թե չգիտի՝ որտեղ են տեղադրված սահմանասյուները։

«Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չի, որ էս մարդկանց ասենք՝ եղբա՛յր, այս խանութը, որ ունես, մեր հատվածում է, թե իրենց։ 91 թվականից առաջ գոյություն ունեցող քարտեզով... բայց այնտեղ էլ բավականին խնդիրներ կան, պետք է տեղորոշվի տեղում», - ասաց նա։

Բնակիչներն էլ բարձրաձայնեցին իրենց խնդիրները։

«Սահմանագծման գործընթացը տեղի է ունենում ամիսների, տարիների ընթացքում։ Պարտադրանքի, ճնշման միջոցով չի կարող լինել խաղաղություն։ Մանավանդ չկա երաշխիք, որ Ադրբեջանը չի դրժի իր խոստումը, որ հայտնվելով այստեղ՝ վաղը, մյուս օրը հարձակում չի գործի այլ տարածքների վրա», - ասաց հավաքված քաղաքացիներից մեկը։

Երեկ երեկոյան Կիրանցի այս հատվածում նաև վրաններ տեղադրվեցին։

Ներքևում՝ կամուրջի մոտ էլ, մարդկանց մյուս խումբն է հավաքված։ Սա հենց այն վայրն է, որը, ըստ հայկական կողմի հրապարակած քարտեզի, Ադրբեջանին է անցնելու։

Տեղացիները հիմնականում մեկ կարծիք են հայտնում, որ սահմանազատումն այսպես իրականացնելու դեպքում անվտանգային լուրջ սպառնալիք է ստեղծվելու իրենց համար։ Նրանք մատնանշում են կամրջի հարցը, նաև չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում տեղի տներին, գերեզմանատանը։

XS
SM
MD
LG