Մատչելիության հղումներ

ԱԺԲ-ն ոստիկանությանը մեղադրում է բռնի ուժ կիրառելու մեջ. ՔԿ-ից հայտնում են՝ բռնության մասին հաղորդում չեն ստացել


Քաշքշելով, հարվածներ հասցնելով էին ոստիկանները երեկ երեկոյան բերման ենթարկում՝ հայտարարում է ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ)՝ ոստիկանությանը մեղադրելով բռնի ուժ կիրառելու մեջ։

«Երբ մենք հասանք խաչմերուկին, ուղղակի տեղի ունեցավ հարձակում և մարդկանց ծեծելով տեղափոխեցին ոստիկանություն: Ներքին զորքերի ավտոբուսները մոտեցրին, ուղղակի խցկում էին ավտոբուսները ու տանում ոստիկանություն», - ներկայացրեց ԱԺԲ անդամ Գևորգ Սաֆարյանը:

Վարչապետի հրաժարականը պահանջող «Բևեռը» երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման դեմ։ Հավաքի ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց ավելի քան 90 ցուցարարի, որոնց մեծ մասն արդեն ազատ է արձակվել։ Պաշտոնական պարզաբանումն այն է, որ նրանք խախտել են օրենքը՝ ոստիկանների օրինական պահանջը չեն կատարել։

ՆԳՆ լրատվական ծառայությունից այդպես էլ չեն հստակեցնում՝ կոնկրետ ի՞նչ անօրինական գործողություններ էին թույլ տվել ցուցարարներն ու նրանց ինչ պահանջ էր ներկայացրել ոստիկանությունը։

«Բևեռ»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը պնդում է՝ որևէ պահանջ ոստիկաններից չեն լսել, պարզապես ցույցը ցրելու նպատակ ունեին. - «Մենք էդ Վարչական օրենսգրքի հոդվածն արդեն անգիր ենք արել, ինչպես նախկին ռեժիմի օրոք, այնպես էլ այսօրվա ռեժիմի օրոք սա ընդամենը դրվում է մի ձևակերպում, որպեսզի ցույց ցրեն: Բազմաթիվ են տեսագրությունները, որ որևիցե պահանջ որևիցե մեկի կողմից չի հնչեցվել»:

Սաֆարյանն ասում է՝ ոստիկանները խլել են իր ձեռնափայտը, հարվածել իրեն։ Իսկ ոստիկանական բաժիններում մարդկանց արգելում էին անգամ նստել:

«Բազմաթիվ աթոռներ կա ու առանց որևիցե պատճառաբանության ասում են՝ կանգնեք: Անգամ ոստիկաններից մեկը, որ ես ասացի, թե ի՞նչ օրենքով եք գործում, նրանք պահանջներ էին ներկայացնում, ասելով, որ իրենց պահանջներն օրինական են, երբ ես հարցրեցի՝ ըստ ո՞ր օրենքի, զարմանքով հարցրեց՝ իսկ արդյոք ոստիկանները միշտ պիտի օրենքով գործեն», - ասաց ԱԺԲ անդամը:

Ընդդիմադիրների ակցիային մասնակցել և բերման է ենթարկվել նաև Գագիկ Ոսկանյանը. - «Միանգամից քարշ տալով տանում են: Նույնիսկ հեռախոսը գողացան ձեռքիցս տարան, հետո վերջում նոր բերեցին տվեցին: Մի պահ ասաց, որ իրավունք ունեք զանգահարելու, չէին տալիս, այսինքն, ոչ իրավունք ունեք զանգահարելու, ոչ մի բան»:

Եթե Ոսկանյանի ձեռքը թեթև էր վնասված, ապա տարեց ցուցարարներից մեկի ձեռքն այտուցվել էր։ Պատմեց՝ իր դրոշն են խլել ու դրանով հարվածել իրեն։

Երեկ բերման է ենթարկվել նաև «Բևեռ»-ի առաջնորդներից Գարեգին Չուգասզյանը։ Ասաց՝ իրեն չեն հարվածել, բայց համացանցում ընտանիքի հասցեին անանուն սպառնալիքներ է ստացել։

«Մենք գիտենք Հայաստանի ոստիկանության որակը և արդեն Freedom House-ի վերջին զեկույցում հստակ այն խոշտանգումների մասին է գրվում, որոնց ենթարկվում եք մարդիկ ոստիկանության ճիրաններում», - նշեց Չուգասզյանը:

Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել բռնության մասին ընդդիմադիր շարժման պնդումներին։ Իսկ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ այդ մասին հաղորդում չեն ստացել։

Չուգասզյանը անդրադարձավ նաև իրենց անդամներին բերման ենթարկելուց ժամեր առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին. - «Մենք նախապես հայտարարել էինք՝ ժամը 2-ին գնալու ենք Ծիծեռնակաբերդ, չգիտես ինչի հենց էդ ժամանակ մեր համակիրների շարասյան արանքում հայտնվում է Նիկոլ Փաշինյանի տիկինը, իր աղջիկը ու բնականաբար, մեր ժողովուրդը, որ մինչև մազերը գազազած ժողովորդ կա ամբողջ Հայաստանում, էն, ինչ կատարվում է վերջին 3 տարիներին»:

Բևեռի մի շարք անդամներ և այլ քաղաքացիներ երեկ վարչապետի տիկնոջը հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել, վիրավորական կոչեր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Կա արդեն քրեական գործ, 7 բևեռական, այդ թվում՝ երկու կին, ձերբակալվել են ատելության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և դրանք տարածելու համար։

Քննչականը քրեական գործը հարուցել է ոստիկանության հաղորդման հիման վրա, բայց պարզ չէ, ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ է հաղորդում ներկայացրել, թե բողոք է ստացել վարչապետի տիկնոջից։ Փաշինյանի հրաժարականի պահանջով շուրջ մեկ տարի Ազատության հրապարակում նստացույց անող «Բևեռ»-ի առաջնորդներից Գարեգին Չուգասզյանն, ի դեպ, երեկվա ձերբակալությունները Ծիծեռնակաբերդի միջադեպի հետ չի կապում, այլ իրենց ընդդիմադիր գործունեության հետ ընդհանրապես։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG