Մատչելիության հղումներ

«Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի». Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ՝ նշելով՝ «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»:

«Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու», - նշել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է. - «Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը»:

«Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մեծ եղեռնի ներքին հայեցումը՝ նշելով. - «Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում»:

«Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ», - ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG