Մատչելիության հղումներ

Նորակոչիկ վարորդներն արդյո՞ք համապատասխան վարորդական կարգ ու փորձառություն ունեն


Սյունիքում տասն օր առաջ ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ի վարորդ, ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատի փոխանցմամբ՝ «Ուրալ» վարելու փորձ չունեցող զինվորը վարորդական իրավունքի А և C կարգեր է ունեցել: Այնինչ, օրենքով 8-ից մինչև 16 ուղևոր փոխադրող վարորդը պետք է վարորդական իրավունքի D կարգ կամ D1 ենթակարգ ունենա։

Օրենքի պահանջն է նաև, որ այս երկու կարգերը տրամադրվեն միայն 21 տարին լրացած, իսկ բանակի դեպքում՝ 19 տարին լրացած անձանց: Իսկ ծանր վնասվածքներով հիվանդանոցում պառկած վարորդը դեռ 19 տարեկան չկա, մի քանի օրից կդառնա։

«Ինքը կյանքում ոչ «Զիլ» տեսել է, ստեղ մի հատ քննություն են տվել չոր ասֆալտին, հանել են սարի գլուխ։ 8 ամսվա մեջ 8 ժամ ռույլին չի նստել։ <> 18 տարեկան զինվորին խի՞ 30 հոգի չթույլատրված անձնակազմ լցնում են մեջը սարի գլխին, բրախում են, ասո՞ւմ են՝ գնացեք, ոնց հասնում եք տեղ, հասե՞ք», - ասում է ժամկետային զինծառայողի հարազատը։

5 տարի առաջ զինվորական մեքենայի վթարից մահացած 19-ամյա Էդգար Առաքելյանն էլ D կարգ չի ունեցել, միայն B ու C:

Նաև պահանջ է, որ այսքան անձնակազմ տեղափոխելիս պետք է ունենա փորձառություն և այլ վարորդական կարգ, 18 տարեկանը, բնականաբար, չի կարող. Քոչարյան

«Արդյո՞ք սա համակարգային խնդիր չէ բանակում»,- հարցնում են հարազատները:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունում է՝ բանակում անձնակազմ տեղափոխող մեքենաների ղեկին պետք է նստեն փորձառու ու համապատասխան կարգ ունեցող մարդիկ։

«Այո, դա խնդիր է, և այդ խնդրի հետ կապված համատեղ մենք անելիք ունենք։ Եվ եթե մենք նայենք մեր ոչ պատերազմական կորուստները, մենք կտեսնենք՝ այդ խնդրի չլուծված լինելու առկայությամբ է, որ խնդիր է առաջացել։ Առավել ևս նաև պահանջ է, որ այսքան անձնակազմ տեղափոխելիս պետք է ունենա փորձառություն և այլ վարորդական կարգ, 18 տարեկանը, բնականաբար, չի կարող», - նշեց իշխանական պատգամավորը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ միայն նախորդ տարի բանակում 14 ավտովթար է տեղի ունեցել, 2022-ին՝ 17, 21-ին՝ 15: Իրավապաշտպան այս կազմակերպությունը բանակում տեղի ունեցած դեպքերի վիճակագրություն է վարում՝ օգտվելով լրատվամիջոցներում և պաշտոնական աղբյուրներում հրապարակված տեղեկություններից։ Չեն բացառում, որ այս թվերը գուցե ավելին են։

ՔՊ-ական պատգամավոր Քոչարյանը հրատապ լուծում պահանջող հարց է համարում սա, պնդում է՝ D կարգ ունեցող վարորդները շատ չեն, բայց պետք է նրանց բարձր աշխատավարոձով բանակում աշխատելու հրավիրեն։

«6 տարի իշխանության է ՔՊ-ն, ինչո՞ւ մինչև հիմա այս հարցը չի լուծվել»,- «Ազատություն»-ը հարցրեց իշխանական պատգամավորին։ Ասաց՝ բանակի բարեփոխումների ակտիվ փուլը սկսվել է 2020-ի պատերազմից մեկ տարի անց, երբ քաղաքական թիմի անդամ նախարար է նշանակվել, բայց խոստովանեց. - «Անընդհատ մենք խոսում ենք առաջնագծի կահավորումից, նոր սպառազինության, նոր անձնակազմի առկայության անհրաժեշտությունից, գիտելիքներից, և այս ամբողջի մեջ մենք նաև ոնց որ թե ինչ-որ տեղ թերացել ենք, որ այս օղակի լուծումն էլ պետք է լիներ, բայց չլուծված նման խնդիրը, տեսեք, կարող է ոնց որ պատից կախված հրացանը մեկ անգամ կրակի, կարող է նաև այս չլուծված խնդիրը կյանքեր արժենա։ Պետք է լուծում տրվի, լիարժեք համաձայն եմ ծնողների կարծիքին»։

Ի՞նչ է անում Պաշտպանության նախարարությունը, որ զինվորական անձնակազմ տեղափոխող մեքենաների ղեկին ոչ թե նորակոչիկները նստեն, այլ վարորդական համապատասխան կարգով ու փորձառությամբ վարորդները, ռազմական գերատեսչությունից ասացին՝ գրավոր հարցման դեպքում կպատասխանեն այս հարցերին: «Ազատություն»-ն ուղարկել է հարցումը։

Այս ընթացքում 4 զինծառայողի կյանք խլած ավտովթարի բուն պատճառը պարզելուց բացի, Քննչական կոմիտեն նաև ուսումնասիրում է՝ արդյոք զինծառայողների փոխադրումն ըստ սահմանված կանոնների է իրականացվել: Վարորդն առողջական վիճակի պատճառով դեռ չի հարցաքննվել, վաղը կվիրահատվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG