Մատչելիության հղումներ

«Ստորացման ընթացակարգ». շենգեն վիզան՝ բիզնե՞ս


Երևան, արխիվ
Երևան, արխիվ

Եվրամիության որևէ երկրի վիզա ստանալու համար դեսպանատներում ազատ ժամ չկա, առնվազն առաջիկա ամիսների համար։ Գերմանիայի դեպքում, օրինակ, որտեղ վիզաների հարցով հենց դեսպանատունն է զբաղվում, ամենաշուտը կես տարի անց կարելի է օր ամրագրել, և անգամ այդ դեպքում հարց է՝ արդյոք դիմողն ամիսներ անց չի մերժվի։

«Ամեն երրորդ քաղաքացու գալիս է մերժում ու անհիմն», - ասում է Զբոսաշրջային գործակալության տնօրեն Աննա Սիմոնյանը։

Վերջին տարիներին, հատկապես քովիդի համաճարակից հետո եվրոպական երկրների վիզա ստանալը հայաստանցիների համար դարձել է գլխացավանք։

Ամիսներով վիզայի օր ամրագրել չկարողանալուց բացի, ինչպես քաղաքացիներն ու զբոսաշրջային գործակալություններն են պնդում, նաև մերժումների թիվն է ավելացել։

«Երբ զբոսաշրջիկը ներկայացնում է բոլոր պահանջվող փաստաթղթերի ցանկը, նախորդ տարիներին ունի բազմաթիվ շենգեն վիզաներ, ու անհիմն մերժում է գալիս, և մենք որպես մասնագետներ ուղղակի բացատրել, բացատրություն տալ չենք կարողանում», - ասում է Զբոսաշրջային գործակալության տնօրեն Անահիտ Բադալյանը։

Դեսպանի մեկնաբանությունը

Արդյո՞ք եվրոպական երկրների կողմից կա կոնկրետ թիվ, թե որքան վիզա պետք է տրվի հայաստանցիներին, և դա՞ է մերժումների պատճառը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից հերքում են, թե տեղերը սահմանափակ են։ Դեսպան Վասիլիս Մարագոսը շեշտում է, թե չափանիշներն են խիստ, բայց արդար։

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով պետք է ճանապարհորդի, պետք է ստանա վիզա, սակայն նա պետք է համապատասխանի չափանիշներին։ Նրանք պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք կեղծված չեն, որոնք ճշգրիտ են։ Եվ ես կարծում եմ, որ այս հիմքի վրա յուրաքանչյուր մարդ, որը համապատասխանում է չափանիշներին, պետք է ճանապարհորդի և ներկայումս ճանապարհորդում է», - շետում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Եվրոպացի դիվանագետն ասում է՝ տեղյակ են հայաստանցիների դժգոհություններից։ Պատճառաբանում է, թե համավարակի ժամանակ դեսպանատներում անձնակազմեր են կրճատել, մինչդեռ քովիդից հետո վիզայի դիմողների թիվը մեծացել է, և հիմա դեսպանատներն ամեն ինչ անում են՝ վերադառնալու մինչքովիդյան իրավիճակ. - «Հավանաբար մենք դեռ չենք հասել անհրաժեշտ մակարդակին, բայց կարծում եմ, որ կարևոր է նկատել, որ միջազգային ճամփորդությունների վերսկսումից ի վեր իրականում մենք ունենք ավելի շատ ճանապարհորդներ Հայաստանից, ավելի շատ մարդիկ, ովքեր վիզա են ստանում, քան դա եղել է նախկինում՝ քովիդից առաջ։ 2019 թվականին մենք ունեինք շուրջ 51 հազար մարդ, եթե չեմ սխալվում, ովքեր վիզա են ստացել Հայաստանից։ Այժմ մենք ունենք ավելի քան 53 հազար: Եվ դա 2022 թվականի ցուցանիշն է»:

Զբոսաշրջիկի փորձը

Զբոսաշրջիկներից շատերին այս պատճառաբանությունները չեն համոզում։ Իրենց օրինակով գիտեն՝ այն, ինչ անհնար է սեփական ուժերով ամրագրել, հնարավոր է դառնում հավելյալ վճարումներով։

«Միակ տարբերակը օր վերցնելու, որ հնարավոր էր կամ վճարովի, 20-30 հազար կարծեմ, կամ մեկ այլ տարբերակով, որ գնում էիր չարթերային չվերթի տոմսեր, որ բավական թանկ է, նոր այդ դեպքում քեզ տալիս են օր, այսինքն՝ իրենք ունեն իրենց չարթերային գործընկերների ցուցակը, որոնց տալիս են ամրագրված օր», - ասում է լրագրող Գոհար Հայրապետյանը։

Շենգեն վիզա ստանալը բիզնեսի է վերածվել առանձին վիզա կենտրոնների կողմից, պնդում է լրագրողը, որը մի քանի ամիս չի կարողացել Հունաստան մեկնելու համար վիզա ստանալ։

«Քաղաքացիները ստիպված են անցնել բոլոր այդ ստորացման պրոցեդուրաները վիզա ստանալու համար, անթիվ-անհամար բազմիցս պնդել եմ, որ եթե ուզում են, որ Հայաստանն ավելի լայնախոհ լինի, աշխարհաքաղաքական վեկտորների մասին մտածել, հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեսնել այդ հնարավոր աշխարհները, տարբերակները», - նշում է նա։

Զբոսաշրջիկներն ու զբոսաշրջության ոլորտի մասնագետներն ասում են, որ վիզայի ժամադրության որոշ ազատ տեղեր առանձին անհատներ են վերցնում հատուկ համակարգչային ծրագրի՝ բոտերի միջոցով ու հետո մի քանի տասնյակ հազար դրամով վերավաճառում։

Իտալիայի վիզայի աջակացման կենտրոնում բոտերը օրեր չեն կարողանում ամրագրել, բայց այդ դեպքում էլ կա արտահերթ վճարովի ծառայություն՝ կրկին հավելավճարով։ Զբոսաշրջիներն ու գործակալությունները պնդում են՝ քանի որ սովորական ընթացակարգով հնարավոր չի լինում օր վեցնել, ստիպված դրանցից են օգտվում։

«Բիզնես են անում, փակում են ավտոմատ ստանդարտ տեղերը, եթե փակվում է, փռայմ թայմով տեղեր են տրամադրում», - ասաց Անահիտ Բադալյանը։

Իտալիայի վիզայի կենտրոնին ուղղված բազմաթիվ մեղադրանքերի վերաբերյալ «Ազատությունը» մեկնաբանություն է խնդրել Իտալիայի դեսպանատնից։ Այնտեղից արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն արձագանքում հարցմանը։

«Եթե կան մեղադրանքներ, որոնք առնչվում են կոռուպցիային, ապա դրանցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները: Մեր կողմից ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ ներքին միջոցառումները, որպեսզի համոզվենք, որ նման դեպքեր չկան», - ասում է դեսպան Վասիլիս Մարագոսը։

Արդյոք հայաստանյան իրավապահները երբևէ ուսումնասիրել են շենգեն վիզային առնչվող կոռուպցիոն ռիսկերի մասին ահազանգերը՝ Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին դեռ չեն պատասխանել։

Դեսպանատների հերթերն ու մերժումները տրամագծորեն հակասում են Հայաստանի ու Եվրամիության պաշտոնյաների ամենաբարձր մակարդակով հնչող հավաստիացումներին, թե երկկողմ հարաբերություններն այժմ առավել սերտ են քան երբևէ։ Մի քանի ամիս է՝ Հայաստանի ու Եվրամիության արտգործնախարարը խոսում են ընդհանրապես վիաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին, բայց անգամ նախնական այդ համաձայնության շուրջ որևէ կոնկտետ հստակություն մինչև այժմ չկա։

Մանրամասները՝ ռեպորտաժում.

XS
SM
MD
LG