Մատչելիության հղումներ

Հակաիրավական գործընթաց. Թաթոյանը՝ առանց կանոնակարգի սահմանազատման մասին


Արման Թաթոյանը
Արման Թաթոյանը

Քաղաքական որոշմամբ՝ հակաիրավական գործընթաց, առանց կանոնակարգի հաստատման սահմանազատում իրականացնելն այսպես է բնութագրում Հայաստանի նախկին օմբուդսմենը:

Արման Թաթոյանը, որ որպես սահմանների կառավարման և անվտանգության հարցերով մասնագետ աշխատել է ՄԱԿ-ում, պնդում է՝ այն, ինչ Հայաստանի իշխանությունը ներկայացնում է որպես սահմանազատում, իրավական տեսանկյունից ի սկզբանե խնդրահարույց էր: Իսկ այժմ, երբ պարզվեց, որ անգամ կանոնակարգ չի հաստատվելու սահմանազատումից առաջ, գործընթացն, ըստ մասնագետի, ամբողջությամբ դառնում է ոչ լեգիտիմ:

«Սա ռիսկեր է պարունակելու, որ դու հետագայում որևէ տեղ չես կարողանալու քո շահերը պաշտպանես, մենք որևէ տեղ չենք կարողանալու Հայաստանի շահերը պաշտպանել, որովհետև չկա որևէ փաստաթուղթ որում արտահայտված է», - նշեց Թաթոյանը:

Սահմանազատման հանձնաժողովներն, ըստ Պաշտոնական Երևանի և Բաքվի, մտադիր են կանոնակարգը համաձայնեցնել մինչև հուլիսի 1-ը, փաստացի այս 4 գյուղերի հատվածներում սահմանը համաձայնեցվել է առանց կանոնակարգի հաստատման և վավերացման: Սա այն փաստաթուղթն է, որտեղ պետք է արձանագրվեն սահմանազատման սկզբունքները, աշխատանքի մեթոդաբանությունը, երկու ամիս առաջ խորհրդարանի ամբիոնից վստահեցնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և պնդում, թե դրա հաստատումից հետո միայն կանցնեն բովանդակային աշխատանքի:

«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը թե՛ դելիմիտացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված», - ասել է Գրիգորյանը:

«Այս պրոցեսը նաև զրոյական է այն իմաստով, որ միայն քաղաքական է և քաղաքական որոշումներով է կայացնում, այն էլ չբացահայտվող պրոցեսներով: Այսինքն, մենք, ոչ մեկը, չգիտենք ինչ է կատարվում՝ ինչպես են աշխատում, ինչ են քննարկում, գոնե կանոնակարգ լիներ: Գոնե կանոնակարգից կհասկանայինք՝ ով ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր են քննարկում», - ընդգծեց Արման Թաթոյանը:

Երբ կառավարությունը սկսեց խոսել Տավուշ-Ղազախ հատվածից սահմանազատումը սկսելու հեռանկարից «Ազատությունը» փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էր՝ եթե կանոնակարգը հաստատված չէ, ինչպե՞ս է սահմանազատում տեղի ունենալու, Մհեր Գրիգորյանի գրասենյակից հարցին այդպես էլ չպատասխանեցին:

Շաբաթ օրը թեմային անդրադարձավ վարչապետը, ընդունեց՝ առանցքային փաստաթուղթը դեռ համաձայնեցված չէ, բայց ասաց՝ Տավուշում նախնական սահմանագծում կանեն, ունեցած փորձի հիման վրա էլ կմշակվի կանոնակարգը հետագա գործընթացի համար։

«Բազային սկզբունքները ֆիքսել ենք, հիմա գնալու ենք բազային սկզբունքները տեղում իրագործենք, էս ընթացքում մեր կուտակած պոզիտիվ փորձը տանելու ենք, ձևակերպելու ենք կանոնակարգի մեջ», - նշել է Փաշինյանը:

Եթե վարչապետը պոզիտիվ փորձից է խոսում, նախկին օմբուդսմենը նույնքան լավատես չէ, հիշեցնում է Ադրբեջանի հետ ունեցած նախկին փորձը ու պնդում է՝ ներկայիս գործընթացը հակասում է՝ միջազգային սկզբունքներին:

«Տեղի ունեցողը բացարձակ կապ չունի սահմանազատման հետ: Սահմանազատումը պետք է սկսվեր կամ իրականացվեր, երբ այս հանձնաժողովն արդեն ունենար հաստատված կանոնակարգ, բաշխված լինեին իրավասությունները հստակ այդ հանձնաժողովի հետ կապված՝ թե՛ անդամների հետ կապված, թե՛ ըստ մարզերի ինչ աշխատանքներ է տանելու և այլն, նոր դրա հիման վրա սկսվեին աշխատանքներ, որոնք կվերաբերեին սահմանազատմանը: Այսինքն՝ նրանց գործողությունները արդեն զուրկ են իրավական հիմքերից, որ հիմա անում են, այն ամենը ինչ տեղի է ունենում չունի իրավական որևէ նշանակություն», - ասաց Թաթոյանը:

Տավուշի հատվածում սահմանազատում անելը առանց կանոնակարգի հաստատման իշխանական պատգամավորին իրավական տեսանկյունից խնդրահարույց չի թվում: Դրանք կստեղծվեն սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի համաձայն, իսկ մինչ այդ տեղի ունեցողն, ըստ Լիլիթ Մինասյանի, վիճարկման ենթակա չէ:

«Այն տարածքները, որոնք այժմ էլ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ընդունում են և ամբողջ աշխարհն ընդունում են, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանում, դա Հայաստանի Հանրապետության իրավազորության տակ չեն, չենք կարող մենք այդ հարցի շուրջ բանավեճ ունենալ՝ իրավական, թե ոչ իրավական», - ընդգծեց Մանասյանը:

Գրեթե երկու տարի առաջ ստեղծված սահմանազատման հանձնաժողովներն այս ընթացքում ութ հանդիպում են անցկացրել, սակայն օրինակ, իրենց աշխատանքի տեխնիկական հարցերը կարգավորող փաստաթուղթը միայն անցած տարեվերջին են հաստատել։ Ընդամենը 10 օրն առաջ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշում էր, թե առանցքային որևէ հարցի շուրջ փոխհամաձայնություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG