Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի օգնությունը մեծացնում է Ուկրաինայի հաղթանակի շանսերը. Երմակ


Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակ, արխիվ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակ, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթի հաստատումը «մեծացնում է պատերազմում հաղթելու Ուկրաինայի շանսերը», CNN-ի և Fareed Zakaria GPS-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Սա շատ կարևոր որոշում է։ Անկասկած, դրա ընդունումը մեծացնում է ագրեսորին հաղթելու մեր հնարավորությունները, հատկապես հիմա, երբ տեսնում ենք, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակման», - «Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ, ասել է Երմակը։

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին և նրա վարչակազմին «ջանքերի համար» ինչպես նաև ամերիկացի ժողովրդին՝ Ուկրաինային աջակցելու համար»։

Նրա խոսքով՝ Ուկրաինային, մասնավորապես, անհրաժեշտ են 155 մմ տրամաչափի զինամթերք, ATACMS հրթիռներ, դրոններ, F-16 կործանիչներ, Patriot լրացուցիչ համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ։

«Առանց սրանց մենք չենք կարող պաշտպանել մեր քաղաքներն ու մարդկանց։ Մեզ շտապ անհրաժեշտ են մատակարարումներ, քանի որ դրանց գինը ուկրաինացիների կյանքն է»,- ընդգծել է Երմակը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն ամիսներ տևած քննարկումներից հետո վերջապես ապրիլի 20-ին հավանություն տվեց Ուկրաինային տրամադրվող օգնությանը:

Փաթեթը ներառում է նաև օգնություն Իսրայելին և Թայվանին: Ընդհանուր գումարը գերազանցում է 95 միլիարդ դոլարը, դրանից մոտ 61 միլիարդը կտրամադրվի Ուկրաինային:

Պաշտոնական Կիևը և եվրոպական դաշնակիցները ողջունել են Ուկրաինային տրամադրվող օգնության նախագծի ընդունումը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների այդ քայլը «հազարավոր կյանքեր կփրկի»:

Կրեմլն, իր հերթին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգների քայլը «ուկրաինացիների նոր կյանքեր կարժենա՝ Կիևի ռեժիմի պատճառով»:

XS
SM
MD
LG