Մատչելիության հղումներ

Երկու տարվա քննությունից հետո մայիսի 8-ին կհրապարակվի Վանաձորի ավագանու գործով վճիռը


Վանաձորի քաղաքապետարանի շենքը
Վանաձորի քաղաքապետարանի շենքը

Վարչական դատարանը մայիսի 8-ին կհրապարակի Վանաձորի ավագանու նկատմամբ արգելանքը վերացնել-չվերացնելու մասին վճիռը։ Այս գործն ավելի քան երկու տարի քննող վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանը երեկ դատարկ դահլիճում դատաքննությունն ավարտված համարեց ու հայտարարեց, որ վճիռ կհրապարակի։

Դեռ անցած տարվա սեպտեմբերին ավարտվել էր այն դատաքննությունը, որի հիմքով վարչական դատարանը Վանաձորի ավագանուն արգելել էր համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ գումարել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր դեռ 2021-ի դեկտեմբերին վիճարկել ավագանու ընտրությունների արդյունքները, պահանջել անվավեր ճանաչել դրանք։ Դատարանի բոլոր երեք ատյաններն այս հայցը երկու տարի քննեցին ու որոշեցին, որ Վանաձորի ընտրությունների արդյունքները փոփոխելի չեն։

Դատարաններն արգելում էին ավագանուն համայնքի ղեկավար ընտրել, քանի դեռ քվեարկության արդյունքները վիճարկվում էին, բայց թե ինչու դրա դատաքննությունն ավարտվելուց հետո չվերացավ ավագանու վրա դրված արգելանքը, այդպես էլ հայտնի չէ։

Խնդրին ծանոթ իրավաբաններն ու փորձագետները պնդում են՝ սա ոչ իրավաչափ է։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը դիմել է վերադաս մարմիններին կարգապահական վարույթ նախաձեռնելու պահանջով։ Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանը, որ երկու տարի քննել է Վանաձորի գործը, օրենքներ է խախտել, ասում է իրավապաշտպանը։

«Իմ որակմամբ՝ դա ոչ իրավաչափ է, որովհետև ստացվում է այնպես, որ սահմանադրական մեր մարմնի աշխատանքն ուղղակիորեն խաթարվում է դատարանի սահմանադրական մի այլ մարմնի կողմից, որն ուղղակի խելքին մոտ չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Դեռ երկու տարի առաջ դատավարության ընթացքում արգելանքը վերացնելու ընդդիմադիրների միջնորդությունը քննարկելիս վարչական դատարանի դատավորն իր որոշման մեջ նշել էր, որ արգելանքը կարող է վերացվել միայն այն դեպքում, երբ չկա դրա պատճառը։ Արդեն կես տարի չկար պատճառը, ընտրությունների արդյունքները վերջնական են ճանաչվել, բայց միևնույն է՝ դատարանն ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն չէր տալիս։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը պնդում է՝ սա քաղաքական դրդապատճառ ուներ։

«Եթե լինեն ընտրություններ, իհարկե մարդիկ չեն գնալու ընտրության, և կարող է վիճակը շատ ավելի վատ լիներ, և դրանից օգուտ չքաղի քաղաքական իշխանությունը, ու հետևաբար այս ամեն ինչը թույլ չի տալիս, որ նոր ընտրության գնան, արդյունքում պետք է ձգձգել այնքան, որ հասնի հարմար այն պահը, երբ հնարավորություն կստանա քաղաքական իշխանությունը վերարտադրվել Վանաձորում», - շեշտեց նա։

Ամիսներ առաջ իրավապաշտպանը նաև դիմել էր Բարձրագույն դատական խորհրդի էթիկայի հանձնաժողով՝ դատավորի վարքը քննարկելու և կարգապահական տույժի ենթարկելու պահանջով, բայց ԲԴԽ-ն համարել էր, որ դատավորը կարգ չի խախտել։ Մինչդեռ իրավապաշտպանը հակադարձում է՝ դատական նիստերը հետաձգելով Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի կառավարումը կաթվածահար է եղել՝ անհիմն։

Վանաձորի ավագանու հինգ խմբակցությունները, որոնք դատավարության կողմ էին, որևէ նիստի չեն գնացել։ Անգամ հայցվոր «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները նիստերին չէին ներկայանում։ ԼՀԿ-ն այդպես էլ երկու տարվա ընթացքում հետ չվերցրեց իր հայցը, որի հիմքով կարող էր դադարեցվել դատն ու վերացվել արգելանքը։

Արդյո՞ք մայիսի 8-ին կհրապարակվի վճիռն, ու ի վերջո կվերացվի արգելանքը, հայտնի չէ։ Վերացվելու դեպքում կա՛մ համայնքի ավագանին համայնքի ղեկավար է ընտրելու, կա՛մ էլ ավագանու նոր ընտրություններ են տեղի ունենալու։

«Ազատության» տեղեկություններով՝ առաջիկա օրերին Լոռի է այցելելու վարչապետ Փաշինյանը՝ տեղի իր թիմակիցներին հանդիպելու։ Կքննարկվի՞ համայնքի ղեկավարի թեկնածուի հարցը՝ ՔՊ-ականները հրաժարվում են ասել։

Արդեն երկու տարի Վանաձորը ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ 6 տարի առաջ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, հետո Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի արդյունքում համայնքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալ նշանակվեց, իսկ 2021-ին ամենաշատ թվով քվե ստացած Ասլանյանի կալանավորումից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կողմն անցավ ու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG