Մատչելիության հղումներ

ՊՆ աշխատակիցը և ԲԿ տնօրենը մեղադրվում են 125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Պաշտպանության նախարարության աշխատակիցը 125 հազար դոլար կաշառք է վերցրել 5 զորակոչիկի զինվորական ծառայությունից ազատելու համար:

Մինչ նախարար Սուրեն Պապիկյանն ու իր թիմը խոսում են բանակի աննախադեպ բարեփոխումներից, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է՝ զինկոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի հետ համագործակցելով, մի շարք զորակոչիկների օգնել է կեղծ բժշկական ախտորոշումներով ազատվել զինվորական ծառայությունից կամ տարկետում ստանալ:

Նախաքննական մարմնի հաղորդմամբ՝ զինկոմիսարիատի աշխատակիցը յուրաքանչյուր զորակոչիկից պահանջել և ստացել է 25 հազար դոլար կաշառք:

«2022թ. դեկտեմբերին Վ. Մ.-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները», - ասված է հաղորդագրությունում:

Բժշկական կենտրոնի տնօրենն էլ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կեղծ եզրակացությունները ստանալու համար դիմել է այս ախտորոշումն ունեցող իր ծանոթին, որպեսզի նա 5 զորակոչիկի փոխարեն և նրանց փաստաթղթերով 20-հազարական դրամի դիմաց տարբեր բուժհաստատություններում հետազոտություններ անցնի: Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնցից յուրաքանչյուրի դիմաց ստացված 25 հազար դոլարից 2 հազարից 3.5 հազար դոլարը ստացել է բժշկական հաստատության տնօրենը:

«Բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, կամ՝ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են», - այս հայտարարության հեղինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանն այժմ էլ միտքը չի փոխել՝ պետական դավաճան են այն նախարարները, որոնց օրոք բանակից գումարով կամ այլ տարբերակով ազատվում են:

«Խոսքը վերաբերում է այն նախարարներին, ում գիտությամբ, ում թույլտվությամբ կամ ում հանձնարարությամբ են բանակից ազատվում այն անձինք, ովքեր չունեն ազատման հիմք: Խոսքը, բնականաբար, չի վերաբերում այն նախարարին, ում չիմացությամբ կամ ումից թաքուն է արվում դա», - այսօր «Ազատությանն» ասաց Սարգսյանը:

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բացառում է, որ բանակից խուսափելու դեպքերից պատասխանատու պաշտոնյաները տեղյակ չլինեն: Ավելին, նրա համոզմամբ՝ այդ համակարգում ցանկացած դրսևորում առանց վերին օղակների հետ համագործակցության չի լինում:

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ բժշկական հանձնաժողովները ազատում են, թող մի հատ գնան հետաքրքրվեն՝ բանակի ներսում ինչ է կատարվում, և նոր հետո բժշկական հանձնաժողովները... Դո՛ւք պարզեք, ձեր հանձնաժողովներն են, ինչո՞վ է զբաղված Պապիկյանը: Ամբողջ օրը զոհեր, զոհեր, ու հիմա ո՞ւմ եք ասում, հանրությանը ի՞նչ եք ուզում տեղեկացնեք, որ հանրությունն է՞ էդ բաներով զբաղված», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ալեքսանյանը:

Զինվորական ծառայությանն առնչվող խնդիրներից բողոքում է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին ահազանգել էր, թե զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ: Մինչ օրս, սակայն, նրա այս հայտարարության վերաբերյալ իրավապահները որևէ քրեական գործ չեն հարուցել:

«Սա կամ նշանակում է, որ մեր սերունդը առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ», - հայտարարել էր վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս համագործակցությունը համարում է պետությունը քայքայող դաշինք, որի ողնաշարը պետք է ջարդել:

Հայկ Սարգսյանն ասում է՝ հենց դրան են ուղղված իր օրենսդրական մի քանի նախաձեռնությունները: Կարծում է՝ եթե դրանք գործադիրի հավանությանն արժանանան, իրավիճակը կբարելավվի:

«Կան սողանցքներ, որոնք թույլ են տալիս, որպեսզի մեր քաղաքացիները ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից՝ լինելով առողջ: Կամ այլ սողանցքներ նույնպես կան, ինչի արդյունքում բանակ զորակոչվողների թիվը նվազում է, մի խոսքով՝ ավելի շատ չեն զորակոչվում, քան զորակոչվում են՝ ավելի շատ փակագծեր որ չբացեմ», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատի պատասխանատու, այժմ կալանքի տակ գտնվող Վարդան Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու, իսկ Աբովյանի «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Մկրտչյանին՝ նրան օժանդակելու հոդվածներով:

Բուժհաստատության տնօրենը, որն ազատության մեջ է, հրաժարվեց խոսել իրեն առաջադրված մեղադրանքից. - «Հիմա զբաղված եմ, չեմ կարող խոսել»:

XS
SM
MD
LG