Մատչելիության հղումներ

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». կառավարությունը խստացրել է գյուղապահովագրության պայմանները


Կարկուտի ծեծած տեղերից գյուղացիներն այլևս փոխհատուցում չեն ստանա, կառավարությունը խստացրել է գյուղապահովագրության պայմանները։ Գործադիրն անցած նիստում հրաժարվեց կարկուտից ապահովագրել հացահատիկային մշակաբույսերը՝ ցորենի, գարու ու վարսակի գարնանացանը, վարչապետն ասաց՝ ապահովագրողներից են լսել, որ գյուղացիները ցանքս են անում հենց այն վայրերում, որտեղ կարկուտ է գալիս։ Այս տարի բերքը կապահովագրվի միայն երաշտից։

«Կարկուտը գիտեն, որ ծեծած տեղն է ծեծում, տանում էին էդ ծեծած տեղերը ցորեն էին ցանում, ասում էին՝ թող ծեծի», - կառավարության անցած նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հացահատիկ մշակող Շիրակի մարզի Հայկասարում կառավարության հիմնավորումները չեն համոզել։ Հովհաննես Բարսեղյանը բարկացած է. - «Եթե ունեմ 13 հեկտար հող, 13 հեկտարը տարբեր տեղեր են, ես ո՞նց եմ երկնքի հետ պայման կապում, ստեղ ցանեմ, կարկուտ գա»:

Հայկասարցիները վերջին հինգ տարում բերքն ապահովագրել են կարկուտից, ասում են, սա տարածքի միակ գյուղն է, որ հակակարկտային կայան չկա։ 400 հեկտար հող են մշակում, բայց երաշտի համար ապահովագրել չեն պատրաստվում, ձեռնտու չէ։

Վալիկո Գրիգորյանը 5 տարում կարկուտի ապահովագրության համար մոտ 700 հազար դրամ է վճարել, բայց գործը փոխհատուցմանը չի հասել. - «Ես շուտ եմ քաղել։ Ճիշտ է` եղել է կարկուտ բայց ես շուտ եմ քաղել, բերքն եմ ստացել, ընձի ձեռ է տվել բերքը, բայց թե ապահովագրելը ընդոր համար էր լավ, որ էն ժամանակ գիտեիր, որ արխեյին կռնայիր երթայիր քնի, կարկուտ եգավ գոնե փոխհատուցում կեղնի»։

Հովհաննես Բարսեղյանի բերքը մի քանի անգամ կարկուտից վնասվել է, փոխհատուցում ստացել է, գոհ է մնացել։

Վալիկո Գրիգորյանն իր 22 հեկտարը մշակելու համար բանկից չորս միլիոն դրամի վարկ է վերցրել, սերմացու գնել։

Հայկասարում կարծում են, որ այս որոշումն ընդունելիս կառավարությունը հաշվի չի առել ոչ կլիմայական պայմանները, ոչ էլ իրական ռիսկերը, արդյունքում իրենք են կրակն ընկնելու։ Շիրակի մարզում անցած տարի, ըստ մարզպետարանի, 3642 հեկտար ցանքատարածություն է ապահովագրվել, 556 ապահովագրական փոխհատուցում է տրամադրվել, մեծ մասը կարկուտի վնասի դիմաց։

«Մանրամասներ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում

Տեսանյութը՝ քիչ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG