Մատչելիության հղումներ

Փող՝ ապօրինի միգրանտներ ընդունելու դիմա՞ց. ԱԳՆ-ն ասում է՝ Լոնդոնի հետ «առարկայական բանակցություններ» չեն եղել


Բրիտանիան բանակցում է չորս երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ Միացյալ Թագավորությունից արտաքսվող անօրինական միգրանտներին ընդունելու համար, հաղորդում է բրիտանական The Times պարբերականը։ Արդյո՞ք Մեծ Բրիտանիայից Հայաստանին նման առաջարկ եղել է և ի՞նչ փուլում է բանակցությունը։ Հայաստանի արտգործնախարարությունից արձագանքել են, թե այդ հարցով տեխնիկական ու բովանդակային քննարկում չի եղել:

«Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել», - ասված է հաղորդագրությունում:

Մինչդեռ Times-ը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության փաստաթղթերին, նշում է, որ այս հարցով Լոնդոնը Հայաստանից բացի բանակցում է Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։ Ըստ թերթի՝ աֆրիկյան այլ երկրներ՝ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։

Ըստ հրապարակման՝ Մեծ Բրիտանիան աֆրիկյան պետությունների պահուստային ցուցակ ունի, որոնց հետ հնարավոր է բանակցի։ Այդ ցանկում են Անգոլան, Կաբո Վերդեն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը և Սիերա Լեոնեն։

Գուցե տեխնիկապես հարցը չի քննարկվել, բայց Հայաստանին նման առաջարկ արե՞լ են։ Արտաքին գործերի նախարարությունն այս հարցին կոնկրետ չի պատասխանել։ Կառավարությունից էլ հղում են արել արտաքին գերատեսչությանը։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից «Ազատությանը» փոխանցել են, թե չեն ցանկանում մեկնաբանել Times-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ուշադրության կենտրոնում Ռուանդայի օրինագիծն է։

«Միացյալ Թագավորությունը շարունակում է աշխատել մի շարք միջազգային գործընկերների հետ՝ անօրինական միգրացիայի մարտահրավերներին դիմակայելու համար: Մեր ուշադրության կենտրոնում այժմ Անօրինական միգրացիայի օրենքի վրա հիմնված Ռուանդայի օրինագծի անցկացումն է, նաև որքան հնարավոր է շուտ [միգրանտներին տեղափոխող] թռիչքների կազմակերպումը», - հայտնել են Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։

Անօրինական միգրանտներին արտաքսելու հինգ տարվա համաձայնագիր Միացյալ Թագավորությունն ունի Ռուանդայի հետ։ Ըստ BBC-ի՝ Լոնդոնը դրա համար արդեն 240 միլիոն ֆունտ է վճարել Ռուանդային։ Համաձայն այդ պայմանավորվածության՝ Միացյալ Թագավորությունում ապաստան փնտրողները կուղարկվեն Ռուանդա, որտեղից ապաստանի իրենց դիմումները կներկայացնեն։ Եթե փախստականի կարգավիճակ չստանան, կարող են հաստատվել Ռուանդայում կամ ապաստան խնդրել «երրորդ ապահով երկրում»։

Ըստ BBC-ի՝ նախկինում հրապարակված պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր անձի երրորդ երկիր տեղափոխելը կարժենա 63 հազար ֆունտ ստերլինգ, սա ավելին է քան նրանց Մեծ Բրիտանիայում պահելը։ Բայց այս գործընթացը հարթ չի ընթանում։ Անցած նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշել է, որ Ռուանդայի սխեման անօրինական է, դատավորները եզրակացրել են, որ փախստականները կարող են հայտնվել իրենց հայրենի երկրներում, որտեղ ապահով չէ։

Անօրինական միգրանտներին արտաքսելու գործաքը Հայաստանի հետ վտանգավոր է. Արթուր Խաչատրյան

Անօրինական միգրանտներին արտաքսելու գործարքը Հայաստանի հետ վտանգավոր է, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Հայաստանի ցածր ծնելիության ու տասնյակ հազարավոր միգրանտների ներհոսքի դեպքում պատկերացնո՞ւմ եք ինչ ներհոսք կլինի մի քանի տարի անց, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը:

«Հիմա էդ ապօրինի միգրանտների հոսքը որտեղի՞ց է ավելի շատ տեղի ունեցել՝ Աֆղանստան, Հնդկաստան, Պակիստան, արաբական երկրներ, աֆրիկյան երկրներ, անհասկանալի իրավական հիմքի վրա Հնդկաստանից կամ Պակիստանից, Բանգլադեշից եկած անհասկանալի գործարքի արդյունքում, որը մեծ կոռուպցիոն ռիսկ ունի ու թրաֆիքինգի հոտ է գալիս: Եվս 50-100 հազար մարդ գա, հասկանո՞ւմ եք ինչ է լինելու Հայաստանի հետ 20 տարի հետո», - ասաց Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորը Բրիտանիայի խորհրդարանում հայկական պատվիրակության հետ անօրինական միգրանտներին արտաքսելու թեմայով Բրիտանիայի վարչապետի ու ընդդիմադիր պատգամավորների հարցուպատասխանին հետևել է։ Հարցը կենսական նշանակության խնդիր է այնտեղ, ասում է Արթուր Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG