Մատչելիության հղումներ

1988-ի հայ-ադրբեջանական սահմանի վերջին ճշգրտումն ու դրան նախորդած տարածքային վեճը


Պայքար Ղալումյանը
Պայքար Ղալումյանը

Սկզբում ամառանոցի տեղ էին խնդրում Հայաստանի իշխանությունից, հետո այդտեղ տուն կառուցում, հետո հրավիրում ազգականներին ու տարածքում տեղավորում նաև հին ու նոր հանգուցյալներին, պատմում է Պայքար Ղալումյանը։ Նա 80-ականներին Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետն էր։

88 թվականին էր հայ-ադրբեջանական սահմանի վերջին ճշգրտումը. առիթը դրան նախորդած տարածքային մի վեճ էր՝ ծեծուջարդով, որի ձայնը հասել էր Մոսկվա։ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի հարևան Քյամառլուի ադրբեջանցիները Դովեղի տարածքներ էին մտել, տնավորվել:

«Էդ տարածքում եղած 4 աղբյուր կար, Քյամառլու գյուղի համար որոշեցին էդ ջուրը տանեն թուրքերը», - պատմեց Ղալումյանը:

Հայկական կողմում դժգոհություն է կուտակվում. - «Դովեղում կար հին բոլշևիկ Մարտիրոս Սարուխանյան, նա և մի շարք հին բոլշևիկներ հեռագրեր են ուղարկում Մոսկվա»:

Գնացեք, տարածքը նայեք, Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ Դեմիրճյանին ու Բաղիրովին հորդորում են Մոսկվայից, 1984 թվականն էր։

Պայքար Ղալումյանն պատմում է՝ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին տեղեկացրել է, որ Քյամառլուում շարժ կա, հնարավոր է որևէ միջադեպ լինի, միլպետն առաջարկել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել:

Համենայնդեպս 2 գնդացիր ու հրաձգային զենքերը պատրաստեցին, հաջորդ օրը առավոտյան Վլադիմիր Մովսիսյանը մի քանի հայ պաշտոնյաների հետ պետք է հանդիպեին իր պաշտոնակից Ռասիզադեի ու Ղազախի շրջկոմի առաջին քարտուղար Սուլեյմանովի հետ՝ Դովեղ-Քյամառլուի սահմանային հողերի հարցը դիտարկելու ու համաձայնության գալու համար, իսկ ադրբեջանական գյուղի բնակիչները արդեն զինվել էին քարերով մահակներով, ինչով կարող էին:

«Մինչև մի 5-600 հոգի գնացել են անտառում թաքնվել, թուրքի տարբեր գյուղերից հավաքվել են, հենց հանձնաժողովը գնացել, էդ խորքին ա մոտեցել, հարձակվել են ու սկսկել մեքենաները շուռ տվել, տեսել են՝ իրանց Ռասիզադեն Մովիսիսյանի հետ ա նստած, ուղղել են, մեջից հանել, սկսել ծեծել, ջարդել», - ներկայացրեց Պայքար Ղալումյանը:

Վլադիմիր Մովսիսյանին ու երկու հայ պաշտոնյաների գերեվարում, տանում են Քյամառլուի ակումբ, ասու է Պայքար Ղալումյանը, պատմում է՝ դահլիճը լիքը ադրբեջանցիներ էին՝ հայ պաշտոնյաները բեմի վրա, վնասվածքներով. - «Ասել էին գրի, որ էդ տարածքները պատկանում ա Քյամառլուինն: Ի պատիվ Մովսիսյանի, ասել էր՝ ես նման իրավունքներով լիազորված չեմ, չեմ կարող նման բան գրել»:

Ոչինչ չստորագրվեց, հետաքրքիր է, որ իրադրությունը հանդարտվելուց հետո Վլադիմիր Մովսիսյանը Քյամառլուից հեռանալիս իր հետ հացի է կանչել նաև ադրբեջանցի երկու պաշտոնյաներին, վստահ, որ հենց նրանք են ծեծկռտուքի կազմակերպիչները:

Միութենական կենտկոմը, դատախազությունը սկսեցին զբաղվել այս միջադեպով, քննչական խումբ եկավ Նոյեմբերյան, Պայքար Ղալումյանը չգիտի, թե ինչով ավարտվեց քննությունը, բայց հիշում է՝ մինչև դրա ավարտը ադրբեջանցի երկու պաշտոնյաները՝ Ռասիզադեն ու Սուլեյմանովը հեռացվեցին աշխատանքից, իսկ հայկական կողմը զբաղված էր հայկական գյուղերում ապրող ադրբեջանցիներից դեպի Մոսկվա հեռագրեր կազմակերպելով. - «Հոկտեմբեր» սովխոզից Մարզա Խանումը հրավիրվեց. ադրբեջանուհուն Հայաստանի իշխանությունը աշխատանքային հերոսի կոչում էր տվել՝ որպես հոյակապ կթվորուհու։ Մարզա Խանումը հեռագրեց. - «Հայաստանում ոչ մի խտրականություն չկա»:

Դովեղ-Քյամառլու սահմանի այս պատմությունից էլ սկսվեց սահմանազատման մի գործընթաց, որի արդյունքում, ըստ Ղալումյանի, հայկական կողմը վերադարձրեց 14 հազար 450 հեկտար հող, շուրջ 3 հազարը՝ Նոյեմբերյանի հատվածից։ Նախկին միլպետը վստահ է՝ ադրբեջանական դիվանագիտությանը հաղթել հնարավոր է, եթե ծանոթ ես նրանց ձեռագրին:

Ղալումյանը պատահական չի համարում, որ այժմ երկու երկրների սահմանի գծման հանձնաժողովների հանդիպումներն սկսեցին անցկացվել Իջևան-Ղազախ սահմանին գտնվող ընդունելության տանը։ Հետո, ասում է, ադրբեջանական կողմն սկսեց խոսել սահմանազատումն այս հատվածից սկսելու ու 4 գյուղերի վերադարձի մասին:

XS
SM
MD
LG