Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ընդդիմադիր ակտիվիստը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման


Լազարե Գրիգորիադիս, արխիվ
Լազարե Գրիգորիադիս, արխիվ

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Դրոա» ընդդիմադիր կուսակցության երիտասարդ ակտիվիստ Լազարե Գրիգորիադիսին դատապարտել է ինը տարվա ազատազրկման՝ անցյալ տարվա մարտին «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ զանգվածային ցույցերի ընթացքում ոստիկանության մեքենան հրկիզելու համար:

Դատախազները պնդում էին, որ 22 տարեկան Գրիգորիադիսը խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ «Մոլոտովի կոկտեյլներ» (դյուրաված հեղուկով շշեր) է նետել ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման մեքենաների վրա: Գրիգորիադիսն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նրա փաստաբանները քրեական գործը որակում են որպես «շինծու և քաղաքական դրդապատճառներով հարուցված»։

«Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոստարիան դատավճռի հրապարակման նախօրեին ասել է, որ իշխանությունները «փորձում են վախեցնել երիտասարդ ակտիվիստներին, որոնք պատրաստ են ևս մեկ անգամ ընդդիմանալ իշխող կուսակցության ներկայացրած տխրահռչակ օրենքին»:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վերջերս նորից է շրջանառության մեջ դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վիճահարույց նախագիծը՝ չնայած երկրի ներսում և Վրաստանի արևմտյան գործընկերների շրջանում այդ նախաձեռնության վերաբերյալ հնչեցված աննախադեպ խիստ քննադատությանը։

Գրիգորիադիսի դատավճռի հրապարակումից հետո նրա աջակիցները և հասարակական կազմակերպությունների ղեկավարները գնացել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայր և պետության ղեկավարին ներկայացրել ակտիվիստին ներում շնորհելու միջնորդություն:

Զուրաբիշվիլիի արձագանքի մասին տեղեկություն դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG