Մատչելիության հղումներ

ԱՄՆ ուժայինները երկրում «Կրոկուսի» նմանությամբ ահաբեկչության վտանգ են տեսնում


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյ, արխիվ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյ, արխիվ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն անհանգստացած է երկրում ահաբեկչության հնարավորությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ նշելով, որ խոսքը նմանատիպ ահաբեկչության վտանգի մասին է, որը տեղի ունեցավ մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում և հարյուրից ավելի կյանքեր խլեց։

«Իրավապահ համակարգում, իմ ողջ կարիերայի ընթացքում, ես կդժվարանայի պատկերացնել, որ կարող են միաժամանակ հասարակական ու ազգային անվտանգությանն ուղղված այդքան սպառնալիքներ առաջանալ։ Բայց հիմա, հենց այդպես է», - հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում լսումների ժամանակ։

Մարտի 22-ին Մոսկվայի արվարձանում համերգասրահի վրա հարձակման հետևանքով զոհվեց առնվազն 144 մարդ։ Սա վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունն էր։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թևը։

Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմի պատճառով սրված տրամադրությունների ֆոնին Միացյալ Նահանգների պաշտոնյաները բազմիցս են մտահոգություններ հայտնել որևէ անհատի կամ փոքր խմբի կողմից հավանական հարձակման առնչությամբ։

«Ամերիկայի ձայն»-ը նշում է, որ ՀԴԲ տնօրենի նպատակն է՝ համոզել օրենսդիրներին և երկարաձգել կասկածյալների հսկողության ծրագիրը, որն ավարտվում է այս ամիս: Չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն արգելափակել է ծրագրի որոշ փոփոխություններ։

XS
SM
MD
LG