Մատչելիության հղումներ

Արշակ Կարապետյանի նորաստեղծ կուսակցությունը հայտարարում է՝ օրակարգում իշխանություններին հեռացնելն է


«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, 5-ը ապրիլի, 2024թ.
«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, 5-ը ապրիլի, 2024թ.

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» կուսակցությունն այսօր իր հիմնադիր համագումարն անցկացրեց։

Արշակ Կարապետյանն իր իսկ նախաձեռնած կուսակցության համագումարին մասնակցում էր Ռուսաստանից։ Համագումարը բացեց հյուսիսից՝ տեաաուղերձով: Նա ելույթ ունեցավ՝ թիկունքում Հայաստանի ու Արցախի դրոշը։ Իսկ դահլիճի մի անկյունում՝ ոչ երևացող տեղում, Ռուսաստանի դրոշ կար, որը, սակայն, պարզած չէր:

Նախկին պաշտոնյան քննադատեց գործող իշխանությանը, թե «ապաշնորհ գործողություններով երկիրը անդառնալի կորուստների են հասցրել», և ըստ նրա՝ եթե միջոցներ չձեռնարկեն, կկորցնեն պատմական հողերը:

Արտաքին քաղաքականության մասին ևս խոսեց՝ նշելով միայն Ռուսաստանի հետ բարեկամության անհրաժեշտության մասին։ Բանակցությունները, նրա համոզմամբ, պետք է սկսել միայն Մոսկվայի երաշխիքների ներքո: Պաշտպանության նախկին նախարարը նաև ասաց, թե աշխատում են Բաքվում գերիներին հետ բերելու ուղղությամբ:

Համագումարին նախկին պաշտոնյաներ կամ հայտնի քաղաքական ու հանրային գործիչներ չկային: Հիմնադիր կազմում նախկին պաշտոնյաներից Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն էր, որն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գալու են Փաշինյանին հեռացնելու։

Հարցին՝ մինչև ընտրություննե՞րն են հեռացնելու, թե՞ ընտրությունների միջոցով, Շահինյանը հստակ չպատասխանեց. - «Այսօր զանգ պետք է խփել և ոչ թե գնալ իշխանությունների հետ ինչ-որ բանակցությունների, արտահերթ կամ հերթական ընտրությունների, այլ բացառապես մեկ օրակարգով է մտնում «Համահայկական ճակատ» կուսակցությունը քաղաքական դաշտ, դա մեր քաղաքացիների պատվիրակած լիազորությունն է՝ հեռացնել իշխանություններին»։

Վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի միջև հեռակա բանավեճը վերջերս նոր զարգացումներ էր ստացել, միմյանց փոխադարձ մեղադրանքներ ու զգուշացումներ էին արել։ Փաշինյանը հայտարարել էր, թե 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա դրա նախորդ օրն իրեն չի զեկուցել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։ Կարապետյանը սուտ էր որակել այդ պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG